Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ձևի պարագա

Գործողության կամ եղելության ձև ցույց տվող բառերը կոչվում են ձևի պարագա։ Ձևի պարագան պատասխանում է ինչպե՞ս, ի՞նչ կերպ, ի՞նչ ձևով հարցերին։ Արտահայտվում է՝

ա) Գոյականի գործիական հոլովով։ Սիրով և ուրախությամբ ընդունեցինք նրան։ Հաճույքով եմ սովորում բոլոր դասերը։

բ) Դերանվամբ՝ այսպես, այդպես, այնպես, ինչպե՞ս. «Այսպես ասաց Սայաթ֊Նովան ու վեր կացավ որպես գիշեր»... (Ե. Չ.)։ Ինչպե՞ս են ապրում երեխաները ձեր երկրում։

Նա այնպես էր խոսում, ինչպես քո փոքր եղբայրը՝ երկու տարեկանում։

գ) Մակբայով. Հունանն ընկավ հերոսաբար: Ծուլորեն մոտեցավ պատուհանին։ Արագ անցնում էր փողոցով։

դ) Անորոշի գործիական հոլովով, ինչպես նաև հարակատար դերբայով։ Ճեմելով դիտում է պատի նկարները։ Վազելով մոտեցավ ուսուցչին։ Պառկած չի կարելի կարդալ։ Նստած դաս չեն պատասխանում, այլ՝ կանգնած, ձեոքերն ուղիղ իջեցրած:

ե) Ածականով՝ Արշակը լավ է երգում։ Հայկուհին հիանալի է գրում։ Արտակը գեղեցիկ է խոսում։

զ) Կապով և «կապի խնդրով», ինչպես՝ Անահիտը քայլում է եղնիկի պես: Արտակը մեծի պես վեր կացավ և խոսեց, ինչպես ուսուցիչը։

է) Բառակապակցությամբ. Ծառն ուսին ներս մտավ Տորքը։ «Ձեոքներս խոնարհ սրտներիս դրած... տաղ էինք ասում» (Հ. Թ.)։