Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե ուզեն, արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի,
Եթե ուզեն, վայր կբերեն երկինքներից արեգակներ... (Ե.Չ.)

Կամ՝

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը՝ լավ եմ տեսել ես: (Հ.Թ.)

Հեշտ է նկատել, որ բերված օրինակներում նախադասությունները իրենց բաղադրիչներով թե՛ տրամաբանորեն, թե ՛քերականորեն, թե՛ առոգանությամբ ու շարադասությամբ, թե՛ հնչերանգով սերտորեն կապված են միմյանց հետ։ Բավական է հնչերանգն ավարտել, ասենք, որևէ նախադասությունից հետո (երկրորդական կամ համադաս), ընդհանուր միտքը կա՛մ կխաթարվի, կա՛մ անորոշ կդառնա։

Նախադասության մյուս կարևոր հատկանիշը նրա անդամների յուրահատուկ դասավորությունն է՝ շարադասությունը։ Օր՝. Իմ տնտեսության մասին գրված հոդվածը մեծ աղմուկ առաջ բերեց: Այստեղ կարելի է մտածել երկու բան՝ «Իմ տնտեսության»... և ...«իմ հոդվածը»: Որոշակիացնելու համար իմ-ը պիտի գործածվի կա՛մ նախադասության սկզբում, որպեսզի ստեղծի «իմ տնտեսության» հատկացուցիչ հատկացյալի կապակցություն, կա՛մ հանդես գա բութով (իմ՝ տնտեսության...), որպեսզի նշանակի «իմ գրած հոդվածը»: Սակայն վերջինս «ապահովելու համար» իմ-ը պարզապես պիտի դնել իր տեղում (Տնտեսության մասին գրված իմ հոդվածը...)։ Կամ՝ Շատ բարկացած ուսուցիչը արագ մոտեցավ աշակերտին. բավական է՝ ընդգծվածը դրվի ուսուցիչը բառից հետո, և կփոխվի նախադասության միտքը։ Այսպիսով՝ որպեսզի նախադասության միտքը լինի որոշակի, հարկավոր է հետևողականորեն պահպանել նրա անդամների շարադասությունը լրացում-լրացյալների, կոչականների, միջանկյալ բառերի իսկական տեղը և այլն։ Նախադասությունների համար խիստ կարևոր է նաև խոսքային միջավայրի հաշվառումն ու ճիշտ գնահատումը։ Օրինակ՝ Սամվելը սպանեց իր դավաճան ծնողներին։ Մարդիկ, որոնք դեմ էին դուրս եկել վիրավոր հայրենիքին ու ժողովրդին։ Վարդանը երեսանց ուրացել էր հայրենիքը, որպեսզի փրկեր իր անձը։ Որպեսզի ժամանակ շահեր՝ Հայասատանում գլխավորելու խմորվող շարժումները[1], որոնք հետզհետե լայնորեն ծավալվում էին։

Ընդգծվածներից առաջինը (մարդիկ) գլխավոր նախադասություն է իսկ երկրորդը՝ ստորադաս։ Խոսքային միջավայրի դերը շատ կարևոր է

  1. Խրախուսելի չէ խոսքում ստորադաս նախադասության ինքնուրույն գործածությունը։