Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նաև թերի նախադասությունների ու բառ-նախադասությունների համար։ Այսպես.

— Ո՞ւր ես գնում, Հասմի՜կ։

Կինո:

— Իսկ դասերդ պատրաստե՞լ ես։

Այո՛:

Ուրեմն՝ նախադասության կարևորագույն հատկանիշներն են ստորոգումը, հնչերանգային ավարտվածությունը, շարադասությունը, խոսքային միջավայրը։

Այսպիսով՝ նախադասությունը ստորոգումով ու հնչերանգային ավարտվածությամբ ձևավորվող հաղորդակցական փոքրագույն միավորն է։

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Նախադասություններն ըստ իրենց արտահայտած մտքի լինում են պարզ և բարդ: Պարզ է կոչվում մեկ միտք (մեկ ստորոգում) արտահայտող նախադասությունը, իսկ բարդ է կոչվում մեկից ավելի միտք արտահայտողը։ Նախադասություններն ըստ հնչերանգի (բնույթի) չորս տեսակ են՝ պատմողական, հարցական, բացականչական, հրամայական (կարող են լինել նաև խառը երանգի)։ Նախադասություններն ըստ իրենց անդամների առկայության ու զեղչման լինում են լրիվ և թերի, իսկ ըստ գլխավոր անդամների քերականական առկայության՝ երկկազմ և միակազմ, ըստ իրականության հետ ունեցած հարաբերության՝ դրական և ժխտական:

ԵՐԿԿԱԶՄ ԵՎ ՄԻԱԿԱԶՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկկազմ կոչվում են այն նախադասությունները, որոնցում քերականորեն առկա են նրա գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը, որ կարող են նաև զեղչվել։ Օրինակ՝ «Սիրում եմ մեր ջրերը ջինջ»... (Ե. Չ.), «Ցորենի ծփուն արտերի եզրին կանգնած խորհում եմ...» (Ավ. Իս.)։ Խոսք ենք տվել հայրենիքին: Գնացինք: Այժմ՝ մեր գործերի մասին:

Երկկազմությունն ու միակազմությունը հատուկ են թե՛ պարզ, թե՛ բարդ նախադասություններին։ Ընդ որում, պարզ նախադասությունները կարող են կազմված լինել միայն ենթակայից ու ստորոգյալից կամ միայն ստորոգյալից։ Գլխավոր անդամներից (կամ միայն ստորոգյալից) կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ, իսկ գլխավոր անդամներից ու առնվազն մեկ երկրորդական անդամից կազմված նախադասությունը՝ պարզ ընդարձակ:

Պարդ ընդարձակ նախադասություններում հաճախ գործածվում են