Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենթական ու ստորոգյալը, պարզ է, լրացումներ չեն լինում։ Ի դեպ, լրացումները կարող են միևնույն պաշտոնը կատարել, լինել բազմակի, բայց ոչ համադաս։ Այդպիսին են հատկապես որոշիչն ու հատկացուցիչը, ինչպես՝ Կողբի դպրոցի աշակերտների գրավոր աշխատանքներն ուղարկվեցին ժողկրթբաժին։ Մի զարմանալի պայծառատես մարդ է հայրս։ Այս առումով առանձնանում են հատկապես որոշիչները՝ արտահայտված տարբեր խոսքի մասերով և իմաստային այլևայլ տեսակներով։ Ընդգծվածները անհամասեռ բազմակի անդամներ են։ Այստեղ, պարզ է, չկա նաև հնչերանգային անջատվածություն։ Չպիտի տրոհել այն որոշիչները, որոնք արտահայտված են՝

ա) Ածականով, դերանունով, ինչպես՝ Գարնանային այդպիսի խաղաղ օրեր շատ եմ տեսել։ Մի այդպիսի ցրտաշունչ օր ընկերս դուրս եկավ զբոսանքի: Հայ ոչ մի դասական հանճարեղ գրող չի շրջանցել իր ժողովրդի հին պատմությունը։

բ) Համապատասխան դերանուններին նախորդող կամ հաջորդող թվականներով. հինգ այդպիսի տետր է հարկավոր։ Երեք տասնամյակի այդ տքնաջան աշխատանքը տվեց փայլուն արդյունք։

գ) Հարաբերական և որակական ածականներով, ինչպես՝

Ձմեռային ցուրտ եղանակ էր։ Աշնանային մեղմ քամին խաղում էր նրա գանգուրների հետ։ Երկաթե հաստ սյուները ցցված էին պատշգամբում։ Նուրբ բրդյա գործվածքեղենի ֆաբրիկան կատարել է իր տարեկան պլանը։ Հաստափոր կավե ամանները շարված են դրսում։

գ) Մակբայով և ածականով, ինչպես՝ Բավականին տխուր պատմություն ունի այս քաղաքը։ Չափազանց խիստ մարդ էր նա։ Բոլորովին անտեղյակ մարդուն ինչպե՞ս կարելի է մեղադրել։

ե) Դերբայներով, թվականով, ածականով. ինչպես՝ Անցած քսան երկար ու ձիգ տարիների ընթացքում նա մեկ անգամ գոնե չայցելեց իր հորը։ Եկող երկրորդ զինվորը իմ եղբայրն է։

զ) Անհամասեռ որակական ածականներով. ինչպես՝ Զարմանալի ազնիվ մարդ է հայրս։ Անպատկերացնելի խոհեմ զորավար էր Վարդանը։

Չեն տրոհվում նաև այն բազմակի որոշիչները, երբ՝

ա) Նրանցում մակբայները հանդես են գալիս որոշչի դերում և լրացնում են իրար։ Չափազանց շատ մարդիկ էին հավաքվել հրապարակում։ Այս անգամ բավականին քիչ «անբավարարներ» ես նշանակել։

բ) Երբ դերանունը (կամ դերանունները) ածականին (կամ ածականներին) է լրացնում՝ Ինչ մի բարի մարդ ես գտել։ Ոչ մի տարեց դասական գրող առանց հուշեր թողնելու չի հեռացել կյանքից։

Բազմակի լրացումներից պիտի տարբերել զուգաբայական հարադրությունները կամ զուգադրական բայերը (վազեց բերեց, մեռավ