Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես.

Չտրոհվող

1) Դաշտում մեզ էին ժպտում կարմիր, սպիտակ, կապույտ ու դեղին ծաղիկները։

2) Տուն մտավ սև ու խոշոր աչքերով այս տղան։

3) Իր համաշխարհային փառքով ապրող մեր այս զորավարը գոհ է աշխարհից:

4) Փարիզից Մոսկվա վերադարձած հնագետները հավաքվել են գիտաժողովի


Տրոհվող

1) Դաշտում մեզ էին ժպտում ծաղիկները՝ կարմիր, սպիտակ, կապույտ ու դեղին:

2) Տուն մտավ այս տղան՝ սև ու խոշոր աչքերով:

3) Աշխարհից գոհ է մեր այս զորավարը՝ իր համաշխարհային փառքով ապրող:

4) Հնագետները՝ Փարիզից Մոսկվա վերադարձած, հավաքել են գիտաժողովի:

Գիտաժողովի են հավաքվել հնագետները՝ Փարիզից Մոսկվա վերադարձած:

Տրոհվող որոշիչները վերջադաս դիրքում որոշյալից անջատվում են բութով։ Նրանք կարող են կիրառվել նաև նախադասության ներսում. այս դեպքում բութով անջատվում են իրենց որոշյալից և ստորակետով՝ նախադասության մյուս անդամներից. Մի խումբ երիտասարդներ՝ ժողովված ջրհորի եզերքին, մտածեցին արձանը դուրս հանել (Վ. Փափազյան)[1]։

Տրոհվող որոշիչը լավ յուրացնել տալու համար պիտի նաև կատարվեն բազմազան վարժություններ՝ բանավոր և հատկապես գրավոր։ Օրինակ՝ պետք է պահանջել, որ աշակերտները բերեն նախադաս որոշիչների օրինակներ՝ դարձնելով դրանք ետադաս, բացատրեն տարբերությունները, նշանակեն կետադրությունը։ Անհրաժեշտ է կատարել նաև հակառակը. այսինքն՝ բերել տրոհվող որոշիչների օրինակներ, դրանք դարձնել նախադաս չտրոհվող որոշիչներ: Գրավոր վարժությունները կարելի է տալ հետևյալ կերպ. առանձին քարտերում նախօրոք գրել նախադաս որոշիչների օրինակներ և պահանջել, որ աշակերտները դրանք դարձնեն տրոհվող որոշիչներ՝ բացատրելով նրանց կետադրությունը,

  1. Վերջին դեպքում նշանակում են նաև երկկողմյա ստորակետ։ Սա ճիշտ չէ։ Նախ բոլոր դեպքերում էլ տրոհվող որոշիչը ետադաս է իր որոշյալից: Երկրորդ՝ երկկողմյա ստորակետը խաթարում է տվյալ պաշտոնի կոնկրետությունը (Սուրենը, մեջքի վրա պառկած, ծանր շնչում էր։ Ընդգծվածը թե՛ որոշիչ է, թե՛ վիճակի պարագա։ Դրանք զանազանելու համար ենթակա որոշյալի՝ Սուրեն-ի վրա պիտի բութ նշանակել):