Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին դեպի կուլիս՝ անձամբ սեղմելու երիտասարդ հանճարի ձեռքը»: «Սմբատը և Միքայելը գնացին երկաթուղային կայարան՝ Արշակին ճանապարհ դնելու» (Շիրվ.)։

Այսպիսի կապակցությունները գործածվում են նաև հատկապես համար, նպատակով կապերի զուգորդմամբ։ Վերջադաս շարադասության դեպքում դրանց կետադրությունը մնում է նույնը։ Նախադասի դեպքում հնչերանգը աննշան չափով է երևան գալիս, և այդ պատճառով էլ կետադրական նշան չի պահանջվում (թեև շատ ծավալունի դեպքում երբեմն էլ նկատվում են տրոհված ձևեր)[1]։ Միջադաս շարադասությամբ նրանք կարող են տրոհվել՝ կախված խոսողի վերաբերմունքից, ընկալվելով իբրև միջանկյալ կապակցություն։ Այսպես. Արշակը, իր նախապես որոշած գործը գլուխ բերելու համար, երեկ մտավ դիրեկտորի առանձնասենյակը։ Մեր զորքերն այդ հաջողությունից այնքան աշխուժացան, որ, թշնամուն Կուրսկի աղեղի մոտ հանկարծակիի բերելու նպատակով, սրընթաց հարձակում գործեցին։

Կարևոր է նաև մի այլ՝ ոճական նրբություն. երբ նախադասությունը բազմաբարդ է՝ հագեցած բազմապիսի լրացումներով, ապա հատկապես ծավալուն միջադաս նպատակի պարագան պիտի տրոհել, որպեսզի խոսքի ոճը մանվածապատ չդառնա, և նախադասությունը չկորցնի իր մտքի սրությունր։ Իսկ երբ կապակցությունը տրամաբանական հնչերանգի «տակ է», կամ նախադասությունը ծանրաբեռնված չէ այլևայլ լրացումներով, ապա չտոոհելն է ճիշտ։ Օրինակ՝ Տղաները կինո դիտելու համար իջան քաղաք։ Աղջիկներն ուսումնարան գնալու նպատակով նստեցին ավտոբուս։

Տրոհվող պատճառի պարագա.— Ինչպես տրոհվող նպատակի պարագան, այնպես էլ պատճառի պարագան արտահայտվում են՝

ա) Անորոշ դերբայի գործիական հոլովով. Քննությանը բոլորովին անպատրաստ լինելով՝ Արամը չգնաց համալսարան։ Արամը չգնաց համալսարան՝ բոլորովին անպատրաստ լինելով քննությանը:

բ) Հարակատար դերբայով. Սրնգի ձայնից դյութված՝ մոռանում էինք մեր գալու նպատակը։ Արամը նետվեց մոր գիրկը՝ ահաբեկված շրջապատի ձայներից: Անահիտը սրնգի գեղգեղանքից դյութված՝ իրեն զգում էր յոթերորդ երկնքում։

գ) Կապերով ու կապական բառերով. Ուսուցիչը խիստ դիտողություն արեց Անահիտին՝ գրավորում աններելի սխալներ թույլ տալու համար: Դիրեկտորը կարգի հրավիրեց Ասլանյանին՝ Հասմիկի նկատմամբ անքաղաքավարի վերաբերվելու պատճառով:

  1. Այս պարագայում կապական կառույցը պիտի նախադաս լինի. Կատարելու համար բոլորի առաջ ստանձնած պարտավորությունը՝ Արամը գործադրում էր իր բոլոր ջանքերը։