Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընդգծվածները կարող են գործածվել նաև նախադաս ու միջադաս դիրքով։ Ընդ որում, միջադաս շարադասությամբ գործածվող տրոհվող պատճառի պարագան, եթե չունի անջատական որոշակի հնչերանգ, կարող է տրոհվել՝ հիմնականում ծավալուն լինելու, ինչպես նաև իբրև ներդրյալ (միջանկյալ) կապակցություն արժեքավորվելու հիմունքով։ Այստեղ առկա է նաև խոսողի վերաբերմունքը (Հասմիկը, դասերից մոտ երեք ամիս բացակայելու պատճառով, հատկապես մաթեմատիկական առարկաներից ետ էր մնում։ Սերժանտը, իր խմբի ամենաակտիվ զինվորներից մեկին անհարկի վիրավորելու համար, հրամանատարի կողմից նկատողություն ստացավ)։

Պատահում են դեպքեր, երբ տրոհվող անդամ են դառնում նաև բացառականով դրվող կապակցությունները՝ վերջադաս շարադասությամբ։ Օրինակ՝ Մեռավ զինվորն այդ քաջ ու հայրենասեր՝ թշնամու արձակած թունավոր նետից:

Տրոհվող հիմունքի և հակառակ հիմունքի (զիջման) պարագաներ.— Հիմունքի պարագան. տրոհվում է, երբ արտահայտվում է՝

ա) Անորոշ դերբայի գործիական հոլովով ձևավորված կապակցություններով։ Օրինակներ՝ Հիմնվելով մեր հին ծանոթության վրա՝ կարող եմ վստահ լինել։ Նա ամեն ինչ անում էր՝ ելնելով գործող օրենքի հնարավորություններից: Դատավորը, հնազանդ մնալով գործող օրենսգրքի N 82 կետին, վճիռը նորից հաստատեց։

բ)Հիման վրա, առթիվ, շնորհիվ, կապակցությամբ, համաձայն, նայած, ըստ հիմունքով կապերով ու կապական բառերով։ Առավել գործածական են նայած, համաձայն և ըստ կապերը, որոնցով ձևավորված պարագաները գրեթե միշտ տրոհվում են՝ առաջադաս, միջադաս, ետադաս շարադասությամբ։ Համաձայն օրենքի՝ նրանք պիտի անպայման պատժվեն։ Նայած գործի բնույթին՝ այժմ էլ աշխատում հարմարվել...

Այսպես են տրոհվում նաև գործիականով բառակապակցությունները, որոնք, սակայն, վերջադաս շարադասությամբ սակավ են գործածվում, ինչպես, օրինակ՝ Իմ հաստատ համոզմամբ՝ Արտակը պիտի գերազանցիկ դառնա. Արտակը, իմ հաստատ համոզմամբ, պիտի գերազանցիկ դառնա։ Արամյանը ազատվել է աշխատանքից՝ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ... Մյուս կապերով և կապական բառերով ձևավորված տրոհվող հիմունքի պարագաները հիմնականում վերջադաս, սակավադեպ նաև միջադաս են լինում, մանավանդ երբ ծավալուն են։ Ահա. Նա ուղղվեց մի քանի ամսում՝ իմ ընկերական, կյանքից բխող խորհուրդների հիման վրա: Նա, իմ ընկերական, կյանքից բխող խորհուրդների հիման վրա, կարելի է ասել՝ արդեն ուղղվել է։ Այստեղ, անշուշտ, կարևոր նշանակություն ունի․ նաև լրացյալի ու լրացումի ընդմիջարկվելն