Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճաշակելով պարտության դառը պտուղները: Նրանք սրընթաց հարձակվեցին՝ տանելով մեծ հաղթանակ):

Պայմանի պարագան, արտահայտվելով հարակատարով ու անորոշի գործիականով, ինչպես նաև անորոշ դերբայի սեռականով ու պայմանով կապական բառով, նույնպես դառնում է տրոհվող անդամ։ Օրինակ՝ Ճիշտն ասած՝ Հասմիկը չի մասնակցել այդ մրցույթին։ Սիրելի՛ս, դու երեխայի հետ վատ վարվելով, ոչինչ չես շահի։ Տքնաջան ու համառորեն աշխատելով՝ արդյունքի կհասնես։ Ես կհամաձայնվեմ քեզ հետ՝ գիրքդ Արայիկին նվիրելու պայմանով միայն:

Ի մի բերելով ամբողջը՝ կարելի է ասել, որ նախադասության տրոհվող անդամները հիմնականում հանդես են գալիս վերջադա կիրառությամբ և արդյունք են իրենց հնչերանգային բաժանվածության ու շարադասության, ծավալայնության ու շարահյուսական պաշտոնի, նաև խոսողի վերաբերմունքի։

Այսպիսով՝ տրոհվող կոչվում են նախադասության այն անդամները, որոնք իրենց հետ քերականորեն՝ կապված անդամներից անջատվում են իմաստով, որոշակի հնչերանգով ու շարադասությամբ։

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ ԲԱՌԵՐ

Ինչպես տեսանք, նախադասության քերականական անդամները լինում են գլխավոր և երկրորդական։ Կան շարահյուսական միավորներ էլ որոնք մտնում են նախադասության կազմի մեջ, սակայն, ունենալով իրոք երկրորդական դեր, դրսևորում են ավելի շատ ոճական արժեք։ Բանն այն է, որ առանց դրանց էլ նախադասության միտքը մնում է անխաթար ու որոշակի։ Բայց դա չի նշանակում, թե դրանք լիովին ավելորդ են և չունեն իրենց յուրահատուկ դերը։ Ամենևի՛ն։ Նման միավորները կապվում են խոսողի վերաբերմունքի հետ և այդ պաաճառով կոչվում են վերաբերական բառեր: Նախադասության վերաբերական բառերն են կոչականն ու միջանկյալ բառերը՝ իրենց ենթատեսակներով:

ԿՈՉԱԿԱՆ

Այն առարկայանիշ միավորները, որոնք ցույց են տալիս, թե խոսողն ում է դիմում, կոչվում են կոչականներ։ Իբրև կոչականներ գործածվում են անձնանիշ կամ իբրև այդպիսիք կիրառվող բառերը։ Օրինակներ՝ Ուսուցիչնե՛ր, ձեզ է վստահված վաղվա քաղաքացու դաստիրարակությունը։ Բնությունը մեր ամենամերձավոր բարեկամն է, սիրելի՛ ընկերներ: Քեզ, հայրենի՛ք, շատ եմ սիրում։

Կոչականներր կարող են լինել մենանդամ և բազմանդամ: Բազմանդամ կոչականները համադաս կամ համասեռ միավորներ են և իրարից, բնականաբար, անջատվում են ստորակետով. Մայրե՛ր, քույրե՛ր, եղբայրնե՛ր, բարեկամնե՛ր և հարևաննե՛ր, մնաք բարով։