Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անդամների հետ, նախադասության անդամ չէ։ Բայց չէ՞ որ նա յուրահատուկ կապի մեջ է նախադասության ենթակայի և ստորոգյալի հետ (Սուրե՛ն, գնա դասի, Տղանե՛ր, եկեք ինձ մոտ)։ Ուրեմն՝ կոչականը նախադասության անդամ չհամարելը թերևս պիտի ընդունել վերապահությամբ միայն, մանավանդ որ ունենում է գոյականական անդամի լրացումները, որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ (Սիրելի՛ բարեկամներ, մե՛ր տղա, իմ հարգելի ուսուցիչ Գրիգորյան․․․)։

Եվս մեկ նրբություն. կոչականը կարող է գործածվել նաև հոդով։ Օրինակ՝ Աղջիկս, արի ինձ մոտ։ Սիրելիդ[1] իմ Վարդան, ես քեզ ասելիք ունեմ։ Հարգելի՛ս, ինչո՞ւ չես կատարել հանձնարարությունը։

Սա ևս խորհելու առիթ է տալիս։ Քանի որ կոչականը կարող է ունենալ իր լրացումները, հետևաբար առաջանում է կոչականական բառակապակցություն, որը և լինելով շարահյուսական ուրույն միավոր, նախադասության անդամներից անջատվում է իր կայուն հնչերանգով գրավոր խոսքում անջատվելով ստորակետով։

Ինչպես հայտնի է, այդ ստորակետը դրվում է կոչականից կամ կոչական կապակցությունից հետո նախադաս լինելու դեպքում, առաջ ետադաս լինելու դեպքում և երկու կողմից՝ միջադաս լինելու դեպքում։ Օրինակներ՝ Տղանե՛ր, բացե՛ք պատուհանները։ Իմ սիրելի՛ որդիներ, բարձր պահեք դպրոցի պատիվը։ Այսօր, մեր սիրելի՛ շրջանավարտներ, դուք հեռանում եք հարազատ դպրոցից։ Բարով եք եկել, առաջի՛ն դասարանցիներ։

Կոչականն իր վերջին վանկի ձայնավորի վրա միշտ ընդունում է շեշտ շնորհիվ ընդգծված հնչերանգի, իսկ երբ կոչականն ունենում է լրացումներ, ապա, դարձյալ շնորհիվ համապատասխան հնչերանգի, շեշտն անցնում է լրացման վերջին վանկի ձայնավորի վրա (Համալսարանի՛ շրջանավարտներ, մտեք այս լսարանը)։ Քանի որ կոչականով նախադասության բայ-ստորոգյալը հիմնականում հրամայական եղանակի բայաձև է, նրա վերջին ձայնավորը ևս ստանում է շեշտ։ Շեշտ է ստանում նաև կոչականով նախադասության քերականական դու (կամ դուք) ենթական, եթե առկա է (Դո՛ւ, վարպե՛տ Գրիգոր, պարտավոր ես կատարել խոստումդ)։

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԲԱՌԵՐ

Միջանկյալ են կոչվում այն բառերը, որոնք ընկնում են նախադասության մեջ և գործածվում միայն ոճական եղանակավորական նպատակներով։ Նրանք ունեն ճկուն շարադասություն, գործածվում են նախադասության սկզբում, մեջտեղում և վերջում։ Միջանկյալ բառերը

  1. Գրքային է, ո՛չ հանձնարարելի։