Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի էլ ճանաչել քեզ։ Աշոտը որոշել է ընդունվել բուհ և, միաժամանակ, մտադրվել է գերազանցիկ դառնալ։

Դժվար չէ նկատել, որ ընդգծված բառերը թեև ունեն նյութական բովանդակություն, բայց խոսողի պահանջով գործածվում են երկրորդաբար՝ միջանկյալ, ոճական-եղանակավորող երանգներով, ուստի նախադասության անդամներ չեն, քանի որ քերականական կապի մեջ չեն նախադասության որևէ անդամի հետ, չեն ստեղծում լրացյալ-լրացման կապակցություն, կոնկրետ հարցի չեն պատասխանում, այսինքն զուրկ են նախադասության անդամին բնորոշ հատկանիշներից և, ընդհակառակն, ունեն միջանկյալ բառին հատուկ բոլոր հատկանիշները (մոտավորապես այնպես, ինչպես հարաբերական դերանուններն այն առումով, որ շաղկապի դեր են կատարում, բայց շաղկապ չեն դառնում)։

Այսպիսի բառերի մի տեսակը կոչվում է ներդրյալ: Ըստ որում, ներդրյալ բառեր կարող են լինել նախադասության անդամ դարձող բոլոր միավորները, եթե խոսողի պահանջով գործածվեն երկրորդաբար, այս ինքն՝ լրացնող-մեկնաբանող, կողմնակի բացատրություն, տեղեկություն տվող բառերի գործառույթով և այլն։ Սրանք միջանկյալ բառերից տարբերվում են նրանով, որ նյութական բովանդակություն ունեն և նախադասության անդամ կարող են դառնալ ցանկացած դեպքում, եթե զրկվեն իրենց երկրորդաբար գործածվելու դերից և քերականական նշանակությամբ կիրառվեն։ Հմմտ. Այդ օրը (մայիսի 9-ին) հրապարակում տեսա վաղեմի ընկերոջս և՝ Այդ օրը, մայիսի 9-ին, հրապարակում տեսա վաղեմի ընկերոջս։ Ներդրյալ բառերը միաժամանակ նման են միջանկյալ բառերին իրենց յուրահատուկ հնչերանգով ու շարահյուսական-ոճական երկրորդական դերով։ Բայց պետք է ասել, որ միջանկյալ բառերը ներդրյալների համեմատությամբ, այնուամենայնիվ ունեն որոշ «առավելություններ». միջանկյալ և երանգավորող բառերը խոսողի անհատական վերաբերմունքն են արտահայտում նախադասության ու նրա զանազան անդամների նկատմամբ, մինչդեռ ներդրյալների առկայությունը գրեթե ոչնչով չի փոխում նախադասության կամ նրա որևէ անդամի էությունը, միտքը, իմաստը, գործառույթը։ Դրանում համոզվելու համար բերենք ներդրյալներով օրինակներ՝ Հենց այդ օրն էլ Լևոնը (նախկին հրամանատարը) զոհվեց հերոսի մահով (Սևաստոպոլում)։ Արձակուրդին տղաները հանգստանում էին և լողանում այդ գետում (հաճախ)՝ բացի Արամից։ Նա սովորություն ուներ ուտելուց հետո ծխել («Ավրորա»), սակայն այդ օրը եղավ բացառություն։ Մեկը հանկարծ արտասանեց՝ «գրին» (կանաչ), իսկ մյուսները ետ քաշվեցին ու սսկվեցին (սարսափից)։

Օրինակները շատ շատ են։ Եղածներն էլ բավական են՝ ցույց տալու, որ նախադասության ամեն մի անդամ (նույնիսկ ոչ անդամ) կարող է գործածվել իբրև ներդրյալ բառ։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ