― Առանց քեզ մի օր չեմ ապրիլ։
Սմբատը շվարված էր մնացել, չգիտեր ինչ աներ։
«Վերջապես, մի կերպ պետք է լուծել այդ կապանքը, թե՞ չէ»,― մտածում էր նա։
Նա վճռեց փոխել իր վարվողության ձևը։ Մինչև այժմ նա դեռ շարունակում էր մեղմ վարվել մոր հետ, որին թե՛ սիրում էր և թե խղճում։ Այժմ նա սկսեց ցույց տալ, որ ատում է նրան և մտադրությամբ իր հարաբերությունները կոշտացրեց։ Նա չէր պատասխանում մոր ոչ մի հարցին, ճաշում էր առանձին, քնում էր յուր առանձնասենյակում, ուր չէր թույլ տալիս մորը ոտք դնելու, տեղի ու անտեղի ծառայի վրա բարկանում էր, մուրացկաններին վռնդում էր դռներից, թափառաշրջիկ երաժիշտներին ու երգիչներին չէր թողնում երգել և նվագել գավթում։ Մի խոսքով, անում էր այն, ինչ որ գիտեր, թե դուր չի գալիս մորը։ Այսպիսով, նա կամենում էր մոր սրտում ատելություն հղացնել դեպի ինքը, մի ծայրահեղ զգացմունքի տեղ հակառակը ներշնչել։ Այն ժամանակ մայրը, վերջապես, կձանձրանա որդուց և բարվոք կհամարի, գեթ միառժամանակ, բաժանվել նրանից։
Սակայն զուր, բոլոր այս միջոցները հակառակ արդյունք ունեցան Սմբատի համար։ Որքան նա բռնի ատելություն էր ցույց տալիս, նույնքան մոր սերը զարգանում էր, կույր հնազանդությունը ամրանում։ Նա շարունակ լուռ ու մունջ դիմանում էր որդու քմահաճություններին, առանց գեթ մի անգամ թեթև հանդիմանություն անելու։
Մի օր Սմբատը նկատեց, որ մայրը գաղտնի մի արծաթե դրամ տվեց մեկ կույր երգչի, որին նա վռնդել էր։ Հետևյալ օրը նա պատահմամբ, դռների մոտով անցնելիս, տեսավ որ մայրը նստած լաց է լինում յուր ամուսնու սենյակում։ Այդ ստիպեց նրան մի կողմ ձգել կեղծ ատելության դիմակը, որ այնքան ծանր էր նրա համար։
Այժմ մնում էր մի վերջին միջոց՝ լինել անզգա, թողնել անուշադիր մոր լացն ու հառաչանքները և գնալ ու հեռանալ։ Նա լաց կլինի, լաց կլինի և գուցե վերջը կամա-ակամա կհնազանդվի յուր ճակատագրին։
Ամառվա վերջերին մի օր նա սառն եղանակով հայտնեց մորը, թե վաղը չէ մյուս օրը ճանապարհ է ընկնելու։
― Ո՞ր քաղաքը․․․— հարցրեց մայրը
― Դու նամակ կստանաս Ռուսաստանից կամ, ով գիտե, արտասահմանից։
Հռիփսիմեն ոչինչ չասաց, մի հառաչանք անգամ չարձակեց, նրա դեմքի մկանունքներն անգամ չշարժվեցին։ Այդ օրերը նա նիհարել էր,