Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԱՂԱՓԱՐԻ ԳԵՐԻՆ

Նա անցնում էր քաղաքի բազմամարդ փողոցով, որը անգործ ամբոխի համար զբոսավայր էր:

Նրա քայլվածքը հանդարտ էր, բայց անկանոն, ներվային, թվում էր, որ նա ինքն էլ չգիտե ուր է գնում կամ ինչու: Հագած էր նա իր սորական մաշված ու խունացած վերարկուն լայն թևերով, լայն փեշերով, կեղտոտ օձիքով: Հնամաշ, ժապավենները վաղուց դեղնած գլխարկի տակից նրա խորն ընկած, մտախոհ աչքերը ուղղված էին դեպի անորոշ տարածություն: Շուրջը խոսում էին, ծիծաղում, աղմկում, ոչինչ չէր լսում։ Նա հրում էր անցորդներին, հրվում էր ուժգին և… ոչինչ:

Նա այդ ամբոխից չէ և չունի ոչ մի կապ նրա հետ: Ինքն իր մեջ պարուրված, նա ճանաչում է միայն իր հոգու աշխարհը և արտաքինը նրա համար գոյություն չունի: Նրա երկայն ու թանձր մազերը, նիհար ուսերի վրա սփռված, նրա կերպարանքին տալիս են թափառական դարվիշի տեսք: Պակասում են միայն տապարն ու քեշկյուլը: Նրա տոպրակի չափ լայն գրպանները լիքն են լրագրերով ու գրքերով: Իսկ մի մեծ գիրք նա բռնած ունե իր կռնատակին և այնպես ամուր, որ, կարծես, վախենում է միգուցե անցորդները խլեն նրա ձեռքից: