Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քսանուհինգ տարի է արդեն անտանելի մտքերը տանջում են նրան, որդերի պես կրծոտում նրա սիրտն ու հոգին։ Քսանուհինգ տարի է նա դարձել է այդ մտքերի կամազուրկ ստրուկը և չի ընդունում ոչ մի օրենք, ոչ մի իշխանություն, բացի նրանց երկաթե ճիրաններից։

Դեռ պատանի հասակին չհասած զգաց, որ կյանքի բարձրագույն երջանկությունը մտքի անկախության և հոգու ազատության մեջ է։ Ոչ ոսկին, ոչ սերը, ոչ բարեկամությունը, ոչ գիրքը, ոչ մի բան չի կարող տալ մարդուն այն հաճույքը, որ տալիս է միտքը, երբ նա գործում է, ստեղծագործում և հափշտակում ամբոխին։

Մի անգամ դպրոցական աշակերտները կատակով հարցրին՝ չէ՞ր կամենալ արդյոք դառնալ Ալեքսանդր Մակեդոնացի, նա ամենայն լրջությամբ և զգացված պատասխանեց.

― Կկամենայի, բայց ոչ երկրներ գրավելու, այլ մարդկանց հոգիներին տիրանալու համար։

Նրան ծաղրում էին։ Սակայն եղան և այնպիսիները, որոնք նրա համար գուշակեցին փայլուն ապագա կամ փիլիսոփայության կամ գրականության ասպարեզում։ Նա հափշտակվեց և ավելի խոր հավատաց իր ներքին ձայնին։ Ինչ էր ասում այդ ձայնը։ Նա շշնջում էր.

― Դու, Միսակ Ավալյան, սովորական մահկանացու չես, մեկը միլիոններից։ Քո ճակատին դրոշմված է անմահության կնիքը։ Դու կոչված ես մարդկանց հոգիներին տիրանալու քո խելքով, խոսքով ու գրչով։ Դու հանճար ես քո ազգի համբավը զարդարելու համար։

Եվ ահա քսանուհինգ տարի է նա այդ ձայնի գերին է։ Ինչե՜ր չի կրել նա հանուն իր բարձր «կոչման». ի՛նչ դառնություններ, ի՛նչ նյութական զրկանքներ և բարոյական տառապանքներ։ Ա՛հ, եթե գրի առնե բոլորը, ինչ որ ապրել է և զգացել, դուրս կգա մարտիրոսագրության մի ստվար հատոր, որ կարող է սարսուռ ազդել ընթերցողների վրա։ Նա այդպես էլ ասում էր։

― Իմ կյանքը,– կրկնում էր մերձավոր բարեկամների մոտ,– մի ողբերգություն է անթիվ գործողություններով։ Տեսարանները միմյանցից սոսկալի են։ Կգա ժամանակ, երբ ես կտամ նրանց գեղարվեստական նկարագիրը, և մարդիկ կտեսնեն ինչ անհոգի տառապանքների է մատնված գաղափարին նվիրված մարդը։

Այսօր նրա ֆանատիկոսյան ճակատն ավելի կնճռոտ է, շրթունքներն ավելի սեղմված, նրա վտիտ կերպարանքը, կարծես, ինքը մարմնացած թշվառությունն է։ Անցորդները նրան համարում են բախտի անիվի տակ ջախջախված մեկը, որ չգիտե ուր տանի իր ողորմելի անձը, նայում են