Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կշտամբանք, որ միշտ պղտորում էր նրա հոգին ինչ տրամադրության մեջ նա լիներ: Անտանելի զգացմամբ, գրեթե սարսափով սպասում էր, թե ահա, ահա ներս է մտնելու կինը և շարունակելու է առավոտյան տեսարանը:

Նա բաց արավ գրասեղանի դարակը, դուրս բերեց այնտեղից մի հաստլիկ ձեռագիր, սկսեց թերթել: Սա նրա վերջին աշխատությունն էր, դեռ անավարտ: Մի գործ, որ իբրև թե պիտի արծարծեր նրա գաղափարներն ավելի հանգամանորեն, քան երբևիցե արծարծվել էին նրանք: Այսպես էր նա հավատացած, ուստի և ոգևորված էր։ Նա հույս ուներ այդ գործով, վերջապես, խորտակելու է իր և հասարակության մեջ կանգնած պատնեշը: Ահա, այդ սարսափելի սառցե պատը, քսանուհինգ տարի է նա ճգնում է հալեցնել իր տառապանքի ջերմությամբ և չի կարողանում: Նա դեռ անհայտ է ամբոխին, նրա անունը դեռ չի փայլում գրական հորիզոնում և եթե մերթընդմերթ հնչում է այս կամ այն փոքրիկ շրջանում, միշտ հեգնությամբ: Տկարամիտներն ու անշնորհքները բռնել են ասպարեզը և չեն թույլ տալիս մի ուրիշը ոտք դնե այնտեղ:

– Նրանք ինձ ծաղրում կամ ատում են,– մտածում էր նա,– որովհետև վախենում են ինձնից:

Նա հետ դրեց ձեռագիրն և ոտքի ելավ: Սովը շարունակում էր մաշել նրա ստամոքսը. վախենում էր հարցնել, արդյոք կա ուտելու բան:

Ներս մտավ կինը, նրա հետևից եղբայրը: Կանգ առան և նայեցին նրան՝ քույրը դառը հեգնական հայացքով, եղբայրը վիրավորական կարեկցությամբ, այնպես ինչպես նայում է զորավարը ապիկարին:

Նրանց տեսնելով Ավալյանը կատաղեց:

– Ի՞նչ եք ուզում ինձնից,– գոչեց նա բռունցքները սեղմելով և մի ոտը հատակին զարկելով,– թողեք ինձ հանգիստ, ես պիտի պարապեմ, հասկանո՞ւմ եք. մի՛ խանգարեք, բավական է որքան ճնշել եք…

Նրանք ոչինչ չասացին, որովհետև պատրաստվել էին շատ բաներ ասելու: Որպես անողոք դատավորներ նրանք հանդարտ նստեցին իրարու քով՝ պատի տակ դրած հնամաշ, ջարդված ու վաղուց գույնը կորցրած աթոռների վրա: Ավալյանը զգաց, որ սկսվել է մի նոր և մինչ այդ օրը չտեսնված երկար բացատրություն: Ինչ անել, նորից փախչել դո՞ւրս: Ո՛չ, այդ կլինի վերջին երկչոտությունը և նա կպարտվի բարոյապես: Պետք է փոթորիկն ընդունել և դիմադրել թեկուզ վիրավորանքների ու հայհոյանքների ուժով:

– Այդպես շարունակել չի կարելի,– սկսեց կինը, մի ցածր, երկարատև հառաչանքից հետո, ձեռները կրծքից իջեցնելով և դնելով ծնկների