վրա,– պետք է վերջ տալ այս անտանեյի կացությանը, իմ ուժերը սպառվել են…
– Ի՞նչ ես պահանջում ինձնից,– հարցրեց Ավալյանը նույնպես նստելով:
– Ինձ համար ոչինչ, երեխաներիդ համար եմ պահանջում,– մարդավարի ապրուստ:
— Միշտ միևնույն երգը: Մարդավարի ապրուստ: Գիտեմ ինչ է քո իդեալը, խոհարար, սպասավոր, ընդարձակ բնակարան թանկագին կահ կարասիով, շքեղ զգեստներ: Կառքեր, ձիեր, զարդ, պչրանք: Տասներկու տարի անընդհատ աշխատեցի և չկարողացա փոխել քո մեշչանական հայացքները կյանքի վերաբերմամբ: Կին, այդ համառությունդ կարող ինձ խելագարության հասցնել:
— Լսո՞ւմ ես, Գարեգին,— դարձավ կինը եղբորը,– լսո՞ւմ ես, թանկագին կահ կարասի, խոհարար, սպասավոր, զարդ ու պչրանք: Ահա թե ինչպես է հասկանում իմ պահանջը: Օրվա հացի փող չունենք, երեխաներս շրջում են կիսամերկ, ոտաբոբիկ, վերջին շապիկս եմ մաշում, և ես հանկարծ սպասում եմ դրանից փարթամ ապրուստ, հա՛, հա՛, հա՛:
Սուր և կծու էին Ավալյանի համար և այդ թույլ ձայնը, և այդ դառն ծիծաղը, որ գայիս էր տանջված կրծքի խորքից:
— Արուսյակ,– արտասանեց նա, աշխատելով զսպել գրգիռը— խնդրում եմ, բավական է, մի՛ տանջիր ինձ:
— Դեռ ե՞ս եմ քեզ տանջում, ե՞ս: Տասներկու տարի է իմ կյանքը տանջանքների շղթա է, դեռ դո՞ւ ես հանդիմանում ինձ: Մտիկ արա ինձ. ինչ օրի եմ հասել։ Աշխատում եմ օրը մինչև երեկո ինչպեո փողոցի բեռնակիր, հոգնում եմ և ուժասպառ լինում այնքան, որ շունն էլ փախչում է ինձանից: Խոհանոցի ծուխն ու անվերջ արցունքներս աչքերս կուրացրել են: Նայիր ձեռներիս. նրանք փայտացել են կոպիտ աշխատանքից: Նայիր ինձ, ո՞վ կարող է ասել, որ ես քսանուինը տարեկան եմ: Եվ դեռ ե՞ս եմ տանջում քեզ: Ո՛չ, այսպես ապրել այլևս չեմ կարող, հոգնել եմ, ուժ չունեմ…
– Վերջը, վերջը,– պոռաց Ավալյանը,– այդ բոլորը հազար անգամ լսել եմ ու ձանձրացել: Նոր ի՞նչ ես ուզում: Պահանջդ:
— Իմ պահանջը իմ ն իմ զավակների անունից է: Ուզում եմ, որ թողնես ցնորքներդ, գոնե այդ հասակում ուշքի գաս և սկսես պարապել մի որևէ գործով:
— Ցնորքներ: Այո, ունեմ ցնորքներ, չեմ հերքում: Բայց հենց այդ ցնորքներն են, որ դու չես հասկանում, խեղճ ոդորմելի արարած: Դու