Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ես զղջում եմ, որ այսօր եկա այստեղ, բայց այդ տեսարանն ինձ համար ո՛չ նոր է, ո՛չ զարմանալի։ Թույլ տուր ինձ, Միսակ, մի քանի խոսք ասել և հեռանալ։

– Ա՜հ, գիտեմ ինչ պիտի ասես։ Քույր ու եղբայր միևնույն խմորից եք հունցված, դուք ինձ երբեք չեք հասկանալու, իսկ ես ձեր մտադրությունը արհամարհում եմ ամբողջ հոգովս։

– Թող այդպես լինի, բայց ես, այնուամենայնիվ, այսօր կասեմ այն, ինչ որ վաղուց չէի ուզում ասել և չէի համարձակվում, խնայելով քո հիվանդոտ եսասիրությունը։ Բանն այն է, բարեկամս, որ դու մի սարսափելի մոլորության մեջ ես, դրանից է առաջանում քո ընտանիքի և քո դժբախտությունը։ Խոսքս այն բանի մասին է, որ դու անվանում ես կոչում և որ այնքան հափշտակում է քեզ։ Լսիր, սիրելիս, դու չունես այն, ինչ որ երևակայում ես, թե ունես։ Պետք է, վերջապես, մի օր ասել քեզ այս դառն ճշմարտությունը և ահա այսօր ասում եմ, դու խորին ինքնախաբեության մեջ ես։

– Ինչի՞ վերաբերմամբ։

– Քո գրական ձիրքի։ Այո՛, այո, քո գրական ձիրքի, քո այսպես ասած ստեղծագործական շնորհքի վերաբերմամբ, լսիր, դու արդեն հասել ես ծերության առաջին շրջանին։ Քառասունուհինգ տարին այնպիսի հասակ է, որ տղամարդը կարող է սառնարյուն լսել նույնիսկ ամենանվիրական ճշմարտությունների մասին։ Ասում եմ քեզ, որպես քո հատուկենտ ընթերցողներից մեկը – դու շնորհք չունես։ Քսանուհինգ տարի է դու միայն անհաջողությունների ես հանդիպում, դու պետք է զգայիր այդ․․․

– Հետո՞, հետո՞, – պատասխանեց Ավալյանը, զգալով, որ արյունը սկսում է գլուխը տալ։

– Հետո այն, սիրելիս, որ լինելով մի հասարակ արհեստավոր, այն էլ ոչ բավականաչափ ճարպիկ, քեզ արտիստ ես համարում։ Պարզ և անկեղծ ասում եմ, քո գրիչը ոչ մի ազդեցություն չունի քո փոքրաթիվ ընթերցողների վրա։ Ես ավելին կասեմ, քեզ ծաղրում են ամենքը, որոնք երբևիցե քո գրածներից կարդացել են գեթ մի քանի տողեր, ծաղրում են քո հավակնությունը, քո մեծամտությունը, քո մանկական մտքերը, որոնց դու ծիծաղելի լրջությամբ համարում ես խորը փիլիսոփայություն։ Ես բարեխղճաբար կարդացել եմ քո բոլոր երկերը։ Հավատացնում եմ, անկեղծ հոգով ցանկացել եմ նրանց մեջ գտնել որևէ ստեղծագործական շունչ և չեմ գտել։ Քո բոլոր մտքերը հնամաշ կրկնություններ են։ Կարող եմ ասել, որ դու իսկի ոճ էլ չունես, գիտես բառերը քիչ թե շատ քերականորեն դասավորել և ուրիշ ոչինչ, այդ է քո ամբողջ ունակությունը։ Չորս