Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծծկեր երեխայի պես ապրի։ Դա մայրական սեր չէ, դա բռնություն է։

Այս խոսքերը Սմբատն արտասանամ էր ակնհայտնի դառնությամբ և հետզհետե ավելի ու ավելի հուզվող ձայնով։ Պարզ էր, որ վաղուց նրա մեջ եռում էր այդ դառնությունը և վաղուց նրա սրտում պատրաստվել էր մի թույն, որ ձգտում էր դուրս հոսելու։

Մայրը զարմացած, երկյուղած և լուռ մտիկ էր անում նրա երեսին, աշխատելով մի բառ անգամ բաց չթողնել նրա ասածից։

― Կարո՞ղ եմ մայրական սեր անվանել այն, որ ամեն րոպե ճնշում է իմ ազատությունն ու խոչընդոտ դառնում ինձ,― շարունակեց Սմբատը, ավելի գրգռվելով մոր լռությունից։ Դու ինձ չթողիր Ռուսաստան գնալու, որ ուսումս շարունակեմ, կարծում էիր, որ այնտեղ հասա թե չէ– իսկույն պիտի մեռնեմ։ (Մայրը մի ցնցում գործեց)։ Դու ինձ հեռացրիր իմ ընկերների շրջանից և աքսորականի պես դատապարտել ես հավիտյան մի քաղաքում ապրել քո աչքի առջև։ Կրկնում եմ, այդ մայրական սեր չէ, թո՛ղ ինձ մի փոքր ազատ շունչ քաշեմ, բավական է, որքան խանձարուրի մեջ պահեցիր ինձ։

Նա լռեց և, տեղից բարձրանալով, սկսեց հուզված անցուդարձ անել․ ձեռները վարտիքի գրպանները դրած։

― Որդի՜,― խոսեց մայրը, վերջապես ուշքը վրեն հավաքելով․― ե՞րբ եմ ես քեզ արգելք եղել։ Ինչ ուզում ես— արա, ինչպես կամենում ես— ապրիր, ահա քեզ տուն, տեղ, հարստություն, քո՞նը չէ։ Էլ ի՞նչ ես ուզում.— հոգի՞ս․․․ Կտամ, չեմ խնայիլ։ Աստծուն է հայտնի։

Սմբատը դառնությամբ ժպտաց։

― Հոգի՛դ,– կրկնեց նա, կանգնելով մոր առջև։― Հենց այդ է, ոչ ես չեմ ուզում․ ինչի՞ս է պետք քո հոգին։ Ավելի լավ կլիներ ինձ համար, որ դու խնայեիր ինքդ քեզ և իմ մասին քիչ մտածեիր։ Հավատացի՛ր, մայր, որ ես ավելի բախտավոր կլինեի, եթե դու ինձ պակաս սիրեիր կամ չսիրեիր միանգամայն։ Այո, մի՛ սիրիր ինձ։

― Քեզ չսիրե՞մ, ե՜ս քե՞զ չսիրեմ,― կրկնեց այրին զայրացած այս անհնարին և անբնական առաջարկությունից։

― Գոնե, փոխի՛ր սիրելուդ ձևը։

Հռիփսիմեն այլևս չկարողացավ զսպել իր արտասուքը, որ քանի րոպե արդեն խեղդում էր նրա կոկորդը։ Նա սկսեց բարձրաձայն հեկեկալ։

Սմբատը ճնշված սրտով մտավ յուր սենյակը և սկսեց հագնվել։ Նա զգաց, որ իր հանդիմանությունը ավելի խիստ ձևով արտահայտեց, քան