Նա նայեց կնոջը և նրա դեմքի վրա կարդաց վիրավորիչ կարեկցություն: Նայեց հյուրին՝ նույն արտահայտությունը: Որպես դաժանորեն դատապարտված մեկը նա ցանկություն զգաց հարձակվել անողոք դատավորների վրա և խեղդամահ անել նրանց: Նա պատրաստ էր արտասանել ամենագռեհիկ, ամենավիրավորական մի հայհոյանք իր կնոջ, նրա եղբոր հասցեին, բայց ամոթի զգացումը թույլ չտվեց նրան այդ անելու: Թուլացած ու ուժասպառ նա նստեց աթոռի վրա, գրասեղանի քով և գլուխը դրեց ձեռքերի ափերի մեջ: Քսանհինգ տարի նա աշխատել է այդ սեղանի քով մոլեռանդ տոկունությամբ, հիվանդոտ երևակայությամբ, իր ոտների տակ ստեղծելով նախանձելի համբավի պատվանդանը: Եվ ահա, այսօր, նրան շոշափելի փաստերով ապացուցում են, թե փխրուն է այդ պատվանդանը, և նա պետք է տապալվի գետին և կործանվի: Ինչ-որ մի բուք բարձրացավ ներսից և սկսեց խեղդել նրա կոկորդը: Նա պահանջ զգաց բարձրաձայն հեկեկալու ինչպես մի մանուկ, որի աչքերի առջև ջարդուփշուր էին արել նրա ամենաթանկագին խաղալիքը: Բայց կեղծ ինքնասիրությունը, որ այնքան ստրկացել էր նրան, այս անգամ ևս օգնության հասավ: Նա կարողացավ զսպել իրան, բայց կատաղությունից սկսեց կրծոտել իր ձեռները:
Հյուրը նրա ոսկրոտ թիկունքների ցնցումներից զգաց անտանելի հոգեկան տանջանքը: Մի վայրկյան զղջաց, որ այնքան խիստ վարվեց ողորմելի մարդու հետ: Բայց նա նայեց շուրջը, ուր տիրում էր հուսահատական չքավորությունը, նայեց քրոջ հյուծված կերպարանքին և նորեն լսեց նրա լացը: Եվ ասաց իրեն, թե պարտավոր էր այդպես վարվել, և ոչ մի մխիթարական խոսք, ոչ մի խրախուսանք:
Դռները աղմուկով բացվեցին, ներս վազեցին Ավալյանի զավակները՝ երկու պղնձագույն էակներ իրանց ցնցոտիների մեջ: Աղքատությունը կարծես ծծել էր նրանց կյանքի հյութը դեռափթիթ հասակսւմ: Նրանց նիհար, հիվանդոտ դեմքերի վրա չկար մանկական աշխուժության ոչ մի նշույլ: Վաղաժամ թախիծը պարուրել էր նրանց աչքերի պայծառությունը:
Նրանք կանգ առան սենյակի մեջտեղում և նայեցին նախ իրենց մորը, ապա հորը: Հասկացան անմիջապես, որ նրանք դարձյալ ընդհարվել են և դարձյալ միմյանց վիրավորել: Սովորական տեսարան, որ ամեն օր կրկնվելով, մանուկ տեսողության համար դարձել էին անհրաժեշտություն: Նրանք բնազդորեն միշտ եղել էին մոր կողմը, որովհետև նա էր միշտ լաց լինում և տանջվում նրանց աչքի առջև:
–Ինչո՞ւ եկաք,– ասաց քեռին,– գնացեք, խաղ արեք դրսում… Դե՛հ, շուտ: