Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե հարկավոր էր և խղճաց մորը, տեսնելով նրա բուռն հեկեկանքը։ Միևնույն ժամանակ նա արդարացի էր համարում իրեն․ ծանր էր թվում նրան սիրո այն կապանքը, որով մայրը կաշկանդել էր նրա անհատականությունը։ Այդ սերը նա համարում էր մի տեսակ եսասիրություն մոր կողմից, թեկուզ այն արտահայտվեր անձնազոհությամբ։

Հանկարծ նա լսեց մի ձայն, հետ նայեց և տեսավ մորը, որ գաղտնի դիտում էր որդու շարժվածքը դռների արանքից։ Խե՛ղճ կին, նրա սերը և կասկածանքն այն աստիճանի էին հասել, որ վախենում էր, միգուցե որդին հուզված դրության մեջ մի բան անե․․․ Այդ պարզ էր Սմբատի համար։ Նա արագ-արագ հագավ շորերը և շտապով դուրս գնաց, առանց, սովորական բարևն ասելու։ Սակայն, գավթից դուրս գալիս, նա չհամբերեց, հետ նայեց։ Մայրը, պատուհանի առջև կանգնած, նայում էր նրա հետևից, ձեռները ծոցին դրած և գլուխն ուսերին թեքած։ Նրա հայացքն այնքան տխուր էր, երկյուղած և ազդու, որ դրոշմվեց Սմբատի սրտին, թեև չստիպեց նրան հետ դառնալ և ներումն խնդրել․ մի բան, որ հոգով ցանկանում էր։

Երբ նա հեռացավ, Հռիփսիմեն անմիջապես կանչեց ծառային։

― Գասպա՛ր,― ասաց նա շնչասպառ, որպես թե մի մեծ անբախտություն պատահած լիներ,― այս րոպեից պարոնդ դուրս եկավ շատ չարացած, չգիտեմ ում վրա։ Իսկույն վազիր ետևից, բայց չմոտենաս, հետն ու հետը գնա, այնպես, որ դու նրան տեսնես, նա քեզ չտեսնի։ Աչքդ չհեռացնես, հասկանո՞ւմ ես․․․

― Աչքիս վրա,― ասաց Գասպարը, որ Բարսամյանների տան վաղեմի հավատարիմ ծառան էր։

― Կաց, այս լավ է․ ծխախոտամանը թողել է, եթե քեզ տեսավ, կասես, որ դրա համար ես եկել։ Դեհ, գնա՛, թե չէ չես գտնիլ։

Ծառան վազեց։ Հռիփսիմեն նստեց սեղանի մոտ, գլուխը դրեց կռների վրա և դարձյալ սկսեց լաց լինել։ Հետո նա, թաշկինակով սրբելով աչքերը, վերկացավ և գնաց հարևան Մարիամի մոտ՝ մի կերպ ժամանակը մոռանալու։ Փոքր-ինչ անցած նա վերադարձավ և երկար ժամանակ լարված դրության մեջ, հառաչելով, անցուդարձ էր անում մի սենյակից դեպի մյուսը, անդադար նայելով սեղանատան պատի ժամացույցին։ Յուրաքանչյուր մի անցնող րոպե ավելացնում էր նրա վիշտը և սպառում համբերությունը։ Գտա՞վ, արդյոք, Գասպարը նրան, կվերադառնա՞, արդյոք, նա այս գիշեր, թե՞․․․

Նա հանդիմանում էր ինքն իրեն, որ առիթ տվեց իր միակ որդուն