Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Հետո դուք ի՞նչ արիք այդ անպիտանին,― հետաքրքրվեց Պաստուխովը, նայելով իր երկայն ընչացքի ծայրերին և սրելով նրանք։

― Այն, ինչ որ դուք կանեիք․ օրը ցերեկով փողոցում մի լավ ծեծեցի մտրակով։

― Այդպես էլ հարկավոր էր,― տվեց Պաստուխովն իր հեղինակավոր հավանությունը։

― Թույլ տվեք հարցնել. ի՞նչ պատճառով էիք այդ վախկոտին մենամարտության կանչել,― հարցրեց Տարաշչենկոն խավիարի պատառաքաղը բերանում։

― Մի դերասանուհու պատճառով։

― Բրավո, ձեր կենացը։

― Կապիտան, ես բրավո չեմ ասիլ,― ասաց Պաստուխովը, ունքերը կիտելով, դերասանուհիները չարժեն մեր արյան կաթիլներն անգամ։ Նրանք չափազանց շատ են սիրում ծաղիկներ և կոնֆետներ։

― Բայց ես ուրիշ բաների համար էլ եմ ուզեցել մենամարտել,― շարունակեց Ալթունովը, ավելի ոգևորվելով,― օրինակ, սրանից երկու տարի առաջ պապիցս ժառանգած ատրճանակի մի գնդակ խրեցի մեկի կուրծքը։

― Ինչո՞ւ։

― Անասունը հանդգնել էր իմ մոտ յապոնացիների քաջությունը փառաբանել և մերոնց ծաղրել։

― Ռեխը պիտի ջարդեիք,— մռնչաց Պաստուխովը, մի ուժգին շարժումն անելով։

― Կամաց, պորուչիկ, մի՛ տաքանար զուր տեղը,― ասաց Տարաշչենկոն, որի գինու բաժակը Պաստուխովի շարժումից ընկավ ձեռքից։

― Եվ ջարդեցի,― շարունակեց Ալթունովը,― ուրիշ կերպ չէի կարող անել։ Ինչ ուզում են թող ասեն, բայց երբ իմ հայրենասիրական զգացումը վիրավորում են, խելքս կորցնում եմ։ Դուք չգիտեք ես ինչեր եմ կրել ռուս-յապոնական պատերազմի օրերին։

Օօ՜, քանի՜-քանիսի հետ է վիճել ու կռվել, քանի՜-քանի անգամ է մենության մեջ մատները կատաղությունից կրծոտել։ Ցուսիմայի և Մուկդենի պարտությունները մի-մի անբուժելի վերք են բաց արել նրա պատրիոտ սրտի վրա։ Օօ՜, նա չի հանգստանալ, մինչև հայրենիքի ռազմական վարկը չվերականգնվի, մինչև որ մի սոսկալի վրեժ չառնվի այդ արհամարհելի մակակներից, այդ ճիպռոտ կապիկներից։

― Այդ մասին չխոսինք,― խստորեն ընդհատեց Պաստուխովը, կուրծքն ուռցնելով և նայելով իր հրացանին։