Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Այո, արդեն հասել ելք մեր կայարանը,― ասաց Տարաշչենկոն, հրացանը վերցնելով։

― Գնացեք բարով, խնդրեմ վատ հիշատակ չտանեք իմ մասին։

― Օօ՜, ոչ, ընդհակառակը, շատ շնորհակալ ենք,― ասաց Տարաշչենկոն։

― Միայն մի բան ասեմ,― ավելացրեց Պաստուխովը,― Ուդելնոյի Վեդոմստվոյի կառավարիչը ձեզ խաբել է, գինին տասնհինգ տարվա չէր, նույնիսկ հինգ տարվա չէր․․․

Սպաները դուրս եկան վագոնից, Պաստուխովը խրոխտ քայլերով, Տարաշչենկոն երերվելով։

Մինչ Ալթունովը զբաղված էր ուտելիքների և ըմպելիքների մնացորդը զամբյուղի մեջ ժողովելով, ես գլուխս դուրս հանեցի լուսամուտով, որ կարդամ կայարանի անունը։ Սպաներն անցան լուսամուտի տակով, հաղորդելով միմյանց իրենց տպավորությունները Ալթունովից։

― Բարի մարդ էր,― լսեցի Տարաշչենկոյի ձայնը։

― Խորամանկ արմյաշկա է, իր թթված գինով ուզեց մեզ կաշառել,― ասաց Պաստուխովը, հրացանը ուսին ձգելով։

Ես քնից նոր արթնացած ձևանալով իջա ցած։

Ալթունովը երջանիկ տրամադրության մեջ էր։ Մեջքի վրա պառկած, ոտքերը դիմացի պատիկին հենած, ծխում էր ու ինչ-որ քթի տակ մրթմրթում, իբր թե երգում է։ Նրա մուգ դեմքը կարմրել ու կապտել էր, խոշոր աչքերը լցվել էին արյունով, պարանոցի երակները փքվել էին։

― Ա՜հ,― գոչեց նա,― դուք զարթնեցի՞ք։ Վերջապես ազատվեցի այդ սոխերից։ Կերան, խմեցին, կորան։ Ափսոս արթուն չէիք. պետք է տեսնեիք, թե ինչ կատարվեց այստեղ։ Ես այդ խրտվիլակների գլխին մի լավ խաղ խաղացի, երբեք չեմ մոռանալ։

Եվ նա պատմեց իր խաղը։ Բանից դուրս եկավ, որ իմ տեսածներն ու լսածները երազ էին։ Հյուրասիրելով սպաներին, նա «բավական քանակությամբ» թույն է ածել ուտելիքների և ըմպելիքների մեջ։ Նա ոչ միայն չի թաքցրել իր ատելությունը դեպի զինվորականությունն առհասարակ, այլև սաստիկ նախատել է նրանց, որ այդքան վայելուչ պաշտոնների ու արհեստների մեջ «արյան դաշտն են իրանց կյանքի համար ասպարեզ ընտրել»։ Նա պարսավել է Ռուսիայի արտաքին ու ներքին քաղաքականությունները, այժմյան ռեակցիան, փոքր ազգերի հալածանքը և այլն, և այլն։ Նա պաշտպանել է ժողովրդի իրավունքները, պետական դումայի անձեռնմխելիությունը, մամուլի կատարյալ ազատությունը և հազար ու մի այդպիսի ազատամիտ բաներ։