Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարկանալու։ Նա իրան համարում էր անպայման մեղավոր․ նա չպիտի հակաճառեր, չպիտի լար, չպիտի զարմանար, չպիտի խոսեր անգամ։

Նա նայում էր մերթ դեպի փողոց, մերթ դեպի գավիթ, ականջները լարում էր լսելու դրսից մի ձայն, և երբեմն սրտի սաստիկ բաբախումը խաբում էր նրան։ Հետզհետե փողոցում անցորդների ձայները ընդհատվեցին, կառքերի դղդյունը դադարեց, հարևանների ճրագները մի առ մի սկսեց հանգչիլ, իսկ Սմբատը չկար ու չկար և ոչ էլ ծառան։

Մի վայրկյան Հռիփսիմեի մեջ ցանկություն ծագեց՝ գնալ և փնտրել որդուն, բայց ո՞րտեղ․․․ Նա փակեց դռները, շալը ձգեց գլխին, դուրս եկավ փողոց և կանգնեց դռների մոտ։

Արդեն կեսգիշերից անց էր, երբ, վերջապես, մի կառք երևաց փողոցի ծայրում։ Հռիփսիմեն շտապեց ներս և մտավ յուր սենյակը։ Նա գիտեր, որ եթե որդին տեսնե իրեն ոտքի վրա անհանգիստ― կբարկանա։ Թող չկարծի, թե մայրը սպասում էր իրեն․․․

Եկողն արդարև Սմբատն էր։ Նա մտավ ներս թե չէ, իսկույն դիմեց մոր սենյակը․ նա նկատել էր նրան գավթից ներս մտնելիս։

― Դու քնած չե՞ս,― ասաց նա,― հավատացի՛ր, մայր, լավ բան չես անում, որ ետևիցս լրտես ես ուղարկում։

Ինչ ուզում է, թող ասի Սմբատը, միայն թե թույլ տա Հռիփսիմեին յուր ուրախությունն արտահայտելու մի համբույրով։ Եվ որդին թույլ տվեց․ նա տրամադրված չէր բարկանալու։

― Բայց լրտեսդ ճարպիկ չէ,― ասաց նա, հեգնելով,― հիմարը կարծում էր նրան չեմ տեսնում։ Այգու դռների մոտ նկատեցի և իսկույն հասկացա, որ դու ես ուղարկել։ Թաքուն հրամայեցի դռնապանին ներս թողնել։ Ծիծաղելի էր։ Խեղճ մարդ, ամբողջ երեկո, մութ ծառուղիում նստած, դիտում էր ինձ կարծելով, որ շատ հաջող է կատարում յուր դերը։ Բայց եթե դու ինձ ստիպեցիր վերադառնալ, ես էլ Գասպարին պատժեցի։ Ես կառքով եկա, նրան չհրամայեցի նստել, ստիպվեց հետևիցս վազել խելագարի պես։ Չէի ուզում ամաչացնել նրան, թե նրա լրտեսությունը նկատել եմ․․․

Պատշգամբի վրա երևաց Գասպարը, քրտնած, շնչասպառ և փոշոտ։

― Ահա, եկավ առաքյալդ,― հեգնեց Սմբատը,― է՛հ, Գասպար, ես քեզ խելոք մարդ էի համարում, բայց դու ինձ երկու տարեկան երեխայի տեղ ես դնում։ Ամոթ է․․․ Բայց դու մեղավոր չես, ես քեզ կվարձատրեմ մորս փոխարեն։

Այս ասելով, նա պատուհանից ձգեց ծառային մի հատ երեք ռուբլիանոց և իսկույն սկսեց հագուստը հանել։