Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ,— գոչեց իշխան Մերկվելիձեն, ձեռը բարեկամաբար դնելով Ալթունովի ուսի վրա,— դուք էլ ե՞ք կալվածատեր։

— Այո՛,— պատասխանեցի ես հայրենակցիս փոխարեն,— պարոն Ալթունովը Քութայիսի նահանգում ունե ութ հազար դեսյատին մի կալվածք, որի կեսը վարելահող է, մյուս կեսը անտառ։ Թեև անտառները գյուղացիների ձեռքերով այրված են ու կտրատված, բայց այնտեղ մեծ քանակությամբ կաքավներ ու փասյաններ կան։

— Ո՞ւթ հազար դեսյատի՞ն,— գռչեց իշխան Մերկվելիձեն ապշած,— կացո՜, այդ տեսակ մեծ կալվածք Քութայիսի նահանգում ոչ ոք չունե։ Բայց չէ, կարելի է մի քանի կալվածքներ գնել եք ու միացրել։

— Այո՛, ոչինչ, դատարկ բան է,— արտասանեց Ալթունովը անորոշ և դարձյալ նայեց երեսիս։

— Սակայն սպասեցեք,— ուշքը ժողովեց իշխանը,— ես Քութայիսի նահանգի բոլոր կալվածատերերին անձամբ միառմի ճանաչում եմ։ Որքան հիշում եմ այնտեղ Արկադիյ մարկովիչ Ալթունով անունով կալվածատեր չկա, այն էլ ութ հազար դեսյատին ունեցող։

Այս անգամ ես նայեցի Ալթունովի երեսին, խոստովանում եմ, ոչ առանց նենգության։

Հանկարծ նա գլուխը բարձրացրեց և ականջ դրեց դեպի դուրս։

— Ա՛հ,— գոչեց, արագությամբ ոտքի ելնելով,— այդ ի՞նչ աղմուկ է։ Կարծեմ կանայք օգնության են կանչում։

Ես մի ոստումով դուրս վազեցի կուպեից։

— Օգնությո՜ւն, գալիս եմ, գալի՜ս եմ,— գոչեց իշխանը ահեղ ձայնով և ձեռը տարավ դաշույնին։

Դուրս եկանք նրբանցք։

Ոչինչ չկար։ Այնտեղ երկու դեռահաս օրիորդներ և մի պատանի բարձրաձայն ծիծաղում էին։ Պարզվեց, որ նրանց ծիծաղի առարկան մի թուրք կին է, որ անցնում էր դաշտով ձի նստած, երկու երեխա գրկում պահած և երրորդին ձիու գավակին կապած։

— Ա՜հ,— ասաց Ալթունովը, ինքն էլ ծիծաղելով,— այնպիսի աղմուկ էր, որ ես կարծեցի ավազակներ են հարձակվել և խեղդում են․․․ կանանց․․․ հասկանո՞մ եք, կանանց․․․

— Կացո, այստեղ ավազակներ ի՞նչ գործ ունեն,— գոչեց իշխան Մերկվելիձեն,— ինձ էլ զուր անհանգստացրիր։

— Գիտե՛ք, ձերդ պայծառափայլություն,— արդարացավ հայրենակիցս,— այս ճանապարհի վրա ամեն բան սպասելի է։ Վերջերս ավազակությունն