Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետևյալ օրը նա զարթնեց ուրախ, զվարթ ու սկսեց մոր հետ կատակ անել:

— Քնած ժամանակս էլ հանգիստ չես թողնում ինձ,— ասաց նա, ծիծաղելով,— գիշերը շոգից ես վերմակս դեն էի գցել, առավոտ զարթնում եմ ու տեսնում, որ էլի գցել ես վրես ու այնպես փաթաթել, որ տաքից խեղդվում էի:

Նա վճռել էր միայն այս ձևով ազդել մոր վրա, որ գուցե կարողանա մի կերպ զսպել նրա «քնքուշ բռնակալությունը», ինչպես անվանում էր ինքը։ Հռիփսիմեն հասկացավ նրա միտքը. որոշեց զգաստ լինել և, միևնույն ժամանակ, աշխատել ոչ մի կերպ չընդդիմանալ որդու կամքին։ Բայց և այնպես, ճաշի ժամանակ նա չկարողացավ զսպել յուր կիրք դարձած հոգատարությունը: Նա ինքն յուր ձեռքով նրա ափսեի մեջ դրեց կոտլետի մի լավ կտոր:

— Իսկ եթե չկամենամ ուտել այդ կտորը,— ասաց Սմբատը, ծիծաղելով։

— Դո՛ւ գիտես,– պատասխանեց մայրը,– ես քեզ չեմ զոռում: Շատ քիչ ես ուտում, սիրտս… Լա՛վ, էլ չեմ խոսիլ…

Եվ մինչև ճաշի վերջը, նա լռեց. աչքի տակով գաղտնի դիտելով որդուն, ուտո՞ւմ է արդյոք նա:

Երեկոյան, յուր կատակները շարունակելով, Սմբատը, տնից դուրս գալիս, հայտնեց թե դարձյալ ուշանալու է։

— Գասպարին չուղարկես ետևիցս, թե չէ մտադրություն չունեմ նրա համար թատրոնի տոմսակ գնելու, որ ինձ լրտեսի:

— Դո՛ւ գիտես,— պատասխանեց մայրն անսահման խոնարհությամբ,– բայց․․․

— Հը՞մ․․․

— Լավ կանես, որ վերարկուդ վերցնես, երեկոները ցուրտ է:

Այս անգամ Սմբատը վերադարձավ ավելի ուշ, քան նախընթաց երեկո: Երբ նա եկավ, մայրը, սև շալն ուսերին գցած, անցուդարձ էր անում գավթում անլսելի քայլերով, անշունչ ուրվականի պես։ Սմբատը զգաց խղճի սուր խայթոց և, միևնույն ժամանակ, դարձյալ, բարկությունից, խառնվեց նրա արյունը: Նա վրդովվեց յուր դեմ, որ առիթ էր տալիս մորն՝ այդքան տանջվելու, վրդովվեց և մոր դեմ, որ այդքան զգայուն էր:

Այդ օրից մայրը լուռ էր, անտրտունջ և համբերությամբ խոնարհ իր ճակատագրին։ Նա ոչ մի հանդիմանություն չէր անում, ոչ մի անգամ չէր հարցնում որդու կամքը և ոչ մի ցանկություն չէր հայտնում։ Նա