― Եթե դուք լավ մարդ լինեիք, այդքան չէիք շողոքորթի մեծամեծերին։
Վիրավորված խմբագիրը պահանջեց, որ Սիմոնը վռնդվի տպարնից։ Տպարանատերը չհամաձայնվեց, ասելով.
― Ես չեմ կարող ինձ զրկել Սիմոնին պես մի լավ բանվորից։ Նա իմ տպարանի աչքն է։
Ընկերները հարգում էին Սիմոնին և իրարու հետ ընդհարվելիս միշտ նրան էին դատավոր կանչում։ Ոմանք իրենց հոգու խորքում վախենում էին նրանից։
Սիմոնը բարեսիրտ էր, բայց խստապահանջ՝ մարդկային արարքների վերաբերմամբ։ Ատում էր ամբողջ հոգով բոլոր անարդարությունները, խոշորներից սկսյալ մինչև ամենափոքրերը։ Ուղղամիտ և արդարադատ էր։ Անողոք էր, երբ հարկավոր էր պարսավել, անսահման ներողամիտ՝ երբ վիրավորում էին նրան։ Հարգելով զորեղներին, չէր թեքվում նրանց առջև։ Պաշտպանելով թույլերին, երբեք կողմնապահ չէր նրանց օգտի համար։
Փիլիսոփա չէր Սիմոնը, բայց գիտեր արհամարհել կյանքի դառնությունները։ Ընտանեկան լուծը տանում էր անտրտունջ, թեև ծանր էր շաբաթական մի քանի տասնյակ ռուբլիներով կերակրել վեց բերան։
Նրա չորս զավակներից ամենամեծը տասնուհինգ տարեկան Վահանն էր՝ աշակերտ Ներսիսյան դպրոցի։ Մնացյալները 3, 5 և 9 տարեկան աղջիկներ էին։ Վաղ առավոտից մինչև ուշ երեկո նրա կինը աշխատում էր անընդհատ և հազիվ հազ կարողանում էր քիչ թե շատ կար, ու կարգ ու կանոն ու մաքրություն, պահպանել իր աղքատիկ տնտեսության մեջ։ Իր բնույթով ու կենսական պահանջներով Շողիկը Սիմոնի հակապատկերն էր։ Անիծում էր իր ճակատագիրը առավոտից մինչև երեկո և կծու խոսքերով հանդիմանում Սիմոնին նրա աղքատության համար։ Նա քահանայի աղջիկ էր։ Նա շարունակ կրկնում էր.
― Եթե հայրս գիտենար, որ դու ինձ այդպես ես պահելու, քեզի կտա՞ր իր աղջիկը։
Մոռանում էր, որ տեր Մեսրովբը շատ լավ գիտեր գրաշարի նյութական վիճակը։ Մոռանում էր նաև իր անհրապույր արտաքինը, որ չէր կարող գրավել Սիմոնից մի աստիճան ավելի խստապահանջ մեկին։
Կնոջ անվերջ կշտամբանքներից ձանձրացած գրաշարը նայում էր իր կինամոնագույն խոշոր ու խելացի աչքերով կարճահասակ, կարճավիզ կոշտ ու կոպիտ կողակցին և զարմանում էր, թե նրա ինչովը հրապուրվեց։ Բայց նա այնքան նրբազգաց էր, որ երբեք Շողիկի երեսովը չէր տալիս նրա տգեղությունը։ Չէր էլ վիճում նրա հետ, զգալով, որ չունե