Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկրորդ անդամ Սիմոնը դպրոց կանչվելով, մանկավարժական խորհրդից լսել էր հետևյալ սպառնալիքը.

― Եթե դուք չուղղեք ձեր որդուն, ստիպված կլինենք նրան արձակել։ Այդ տեսակ աշակերտները դպրոցի չարիքն են։

Մի երեկո, տպարանից տուն գնալով, լսեց որ դարձյալ իրեն դպրոց են կանչել։

― Սիրտս վկայում է,― ասաց նա Շողիկին, որ այս անգամ այդ անպիտանին դուրս են անելու դպրոցից։

― Քանդվի նրանց դպրոցն ու իրենք էլ գետինը մտնեն,― գոչեց Շողիկը։― Շատ են փքվում իրենց տված ուսումով։

Երբ Վահանն երևաց, Սիմոնը այնպիսի երկարատև ու խորը թափանցող մի հայացք ձգեց նրա վրա, որից մի ուրիշ գավակ կդողար։ Բայց Վահանի անտարբեր ու բրութ դեմքի մի մկանն էլ չշարժվեց։ Միայն նրա աչքերի բիբերը ծռվեցին մի կողմը և սպիտակուցները պսպղացին շիկացրած երկաթի պեծերի պես։ Հայրն էր, որ սարսափեց որդու աչքերից։ Այդ աչքերը լավ բան չէին խոստանում նրան։

Հետևյալ առավոտ Սիմոնը բանվորական կապույտ շապիկի փոխարեն հագավ իր տոնային հագուստը օսլայած շապիկով և գնաց դպրոց, կանխապես մտներով տպարան և տիրոջից մի ժամվա արձակուրդ խնդրելով։ Նրա սիրտն ուժգին բաբախում էր ամոթի զգցմունքից։ Ի՞նչ պատասխան պիտի տա նա մանկավարժներին, ինչո՞վ պիտի պաշտպանե ու արդարացնե իրեն ու իր որդուն։

Նա ստիպված եղավ սպասել գրեթե մի ամբողջ ժամ, որովհետև աոաջին դասը նոր էր սկսվել, երբ նա մտավ դպրոց։

Վերջապես, լսվեց զանգակի ձայնը։ Աակերտները աղմուկով դուրս թափվեցին բոլոր դասարաններից միաժամանակ, ինչպես մեղուները փեթակից և դպրոցի բակը լցրին աղմուկով։ Սիմոնն աչքերով փնտրեց Վահանին ու չգտավ։ Այս հանգամանքն ավելի սաստկացրեց նրա անհանգստությունը։ Նա սկսեց ամաչել աշակերտներից անգամ։ Նրան թվաց, որ յուրաքանչյուր պատանի մտքում ծաղրում է ու խղճում իրեն"

Նրան կանչեցին ուսուցչական սենյակը։

Այստեղ կանաչ մահուդով ծածկված երկայն սեղանի քով նստած էին միայն տեսուչն ու մի վերակացու։ Սիմոնը ներս մտավ անվստահ քայլերով, խոնարհ գլուխ տվեց ու կանգնեց դռների առջև։

― Առաջ եկեք,― հրավիրեց տեսուչը, մի չափազանց նիհար մարդ կարճլիկ ալեխառն մորուքով։