Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆԸ
(Պատկեր)

— Բարի լույս, եղբայրս, ինձ ձեռաց երեք ռուբլի փող է հարկավոր։ Տուր։

Այս, ասելով, Միսակը կանգնեց փողոցում, պատի տակ և իր կեղտոտ ձեռը անմիջապես պարզեց Արամին։ Երևի նա միանգամայն հավատացած էր, որ առանց, այլևայլի ուզածն իսկույն պիտի ստանա, ինչպես ստացել էր ամեն շաբաթ տասնումեկ տարի շարունակ։

Մինչդեռ Արամն այն օրը ոչ միայն տրամադիր չէր եղբորը փող տալու, այլև հաստատապես վճռել էր մի անգամ ընդմիշտ ազատվել նրա անամոթ մուրացկանությունից, որ վաղուց արդեն ձանձրացրել էր նրան։ Այսպես էր պահանջում նրանից իր կինը հանուն հինգ փոքրիկ զավակների, որոնց կերակրելն ու հագցնելը դյուրին բան չէր մի հասարակ արհեստավորի համար։ Կար և մի ուրիշ նշանավոր պատճառ, որ ստիպում էր Արամին կտրել ամեն կապ իր հարազատ եղբոր հետ։ Եվ այս պատճառն այսօր նրան թվում էր այնքան ստիպողական, որ դեռ առավոտ թեյի միջոցին ինքն իրեն մտածում էր, թե ինչպես է, որ մինչև այժմ նա դեռ հարաբերություն ունի իր եղբոր հետ կամ նույնիսկ թույլ է տալիս իրեն հետ խոսելու։