բայց մարդն այնուամենայնիվ նստեց, աշխատելով կարելույն չափ իր մարմինը փոքրացնել։
Տեսե՞լ եք արդյոք մի տղամարդ, որի դեմքը ներկայացնե գեղեցկի և տգեղի զարմանալի խառնուրդ։ Երևակայեցեք հորիլլոյի դնչից և ամենագեղեցիկ դեմքի մի հյուսվածք և դուք կունենաք մոտավորապես նորեկ հարևանիս պատկերը, նրա քառակուսի ծնոտը, տափակ քիթը, լայն բերանը, հաստ շրթունքները, խոշոր կինամոնագույն աչքերի խելացի արտահայտության և կանոնավոր կազմված գլխի, սիրուն ճակատի և նուրբ հոնքերի գեղեցկության հետ։
Նստեց թե չէ այդ մարդը, սկսեց ոտքից մինչև գլուխ զննել մեզ խիստ հետաքրքիր հայացքով, չմոռանալով նայել իրեղեններիս։ Հրեայի ախտ դարձած հետաքրքրությունը, որ ուզում է անպատճառ իմանալ․ ովքե՞ր են իր ուղեկիցները, ի՞նչ դիրք ունին, ո՞ւր են գնում և ինչո՞ւ։ Հենց այս հատկությունն է, որ ճանապարհորդության մեջ նրան դարձնում է մերթ ցանկալի և համակրելի ընկեր, մերթ ձանձրալի և ատելի ուղեկից։
Վերջապես նորեկը հեռացրեց մեզանից իր խուզարկու հայացքը, երևի գուշակելով, որ մեզ շատ էլ դուրեկան չէ այն։
— Ֆեյլդման,– դարձավ նա իր ազգակիցներից մեկին,— քսանմեկ կխաղա՞ս։
— Այ-վա՛յ, ժամանակ չկա,— պատասխանեց Ֆեյլդմանը, որ նստած էր մեր կողքի փոքրիկ բազմոցի վրա,– վերջապես ես քաղցած եմ, ուտել եմ ուզում։
Դա մի փոքրիկ, շատ փոքրիկ, արագաշարժ և արագախոս ծերուկ էր, պստիկ, ճերմակ միրուքով ու թավ, սև ունքերով։ Նա անմիջապես իր ոտների տակից «այ-վայ» անելով դուրս բերեց և ծնկների վրա դրեց մի զամբյուղ՝ ուտելեղենով լիքը։ Շուտով մեր վագոնում տարածվեց կանաչ սոխի և ինչ-որ ապխտած ձկան հոտ։ Ֆեյլդմանն ուտում էր կապիկի պես, այսինքն՝ երկու ձեռները մոտեցնելով բերանին. քիչ-քիչ, բայց արագ-արագ և արագ-արագ ճպճպելով աչքերը։
— Է՛հ, բաս ի՞նչ անեմ, տխուր է,— ասաց հարևանս, անգիտակցաբար իր լայն գլխարկը բարձրացնելով ծոծրակի կողմը։