Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ երկու տարի առաջ, երբ ավարտեց գիմնազիոնը, նա անմիջապես պատրաստվեց ուղևորվելու։ Բայց Հռիփսիմեն ընկավ նրա ոտներին, աղերսեց, որ թողնի յուր մտադրությունն և ապրի մոտ հետ։ Ի՞նչ է անում նա բարձր ուսումը, քանի որ նրա առողջությանը վնասակար է։ Եթե ուսումն առնում են նրա համար, որ աշխարհում ապրելու միջոց ունենան, Սմբատն այդ կողմից ամենից բախտավորն է։ Հայրն այնքան թողել է, որ որդուց որդի բավական է։ Ոչ միայն ուսում, այլև ոչ մի գործով չպիտի պարապվի․ նա միայն պիտի ապրի ու ապրի․․․ այս էր Հռիփսիմեի ուզածը։ Եվ հանկարծ Սմբատը վճռողաբար հայտնում է, թե երկու շաբաթից հետո գնում է։ Հռիփսիմեն կարո՞ղ է ապրել առանց տարիներով որդու երեսը տեսնելու, նա՛, որ երկու ժամ որդուն չտեսնելիս տանջվում է այնքան։

Հռիփսիմեն անցավ յուր սենյակը, դռները փակեց և երկար ժամանակ լաց եղավ, հիշելով անցյալը, յուր հանգուցյալ ամուսնուն և հանգուցյալ որդիներին։ Այն ժամանակ նա երջանիկ էր, այն ժամանակ նա կմահաձայնվեր մեկից բաժանվել, մյուսով մխիթարվել։ Իսկ այժմ․․․ Երբեք, նա կսպանի ինքն իրեն և չի համաձայնվիլ միակ որդուց բաժանվել։ Իսկ եթե Սմբատը համառություն անե, այն ժամանա՞կ․․․

― Կթողնեմ տուն ու տեղ, ամուսնուս ու որդիներիս գերեզմանները և կգնամ նրա հետևից,― ասաց Հռիփսիմեն ինքն իրեն լսելի ձայնով,― կգնամ, թեկուզ աշխարհի մյուս ծայրը։

Սակայն մի րոպե չանցած, այս միտքը նրան սարսափեցրեց։ Ի՞նչ, միթե նա կարո՞ղ է իր սիրեցյալների գերեզմանները մոռանալ, թողնել և հեռանալ օտար աշխարհ։ Ո՛չ, այդ անտանելի կլինի։

Ամբողջ օրը նա ոչինչ չասաց որդուն, միայն հետևյալ առավոտը դարձավ նրան․

― Որդի, երեկ հանաք էիր անում, չէ՞․․․

― Ի՞նչ հանաք։

― Թե պիտի գնաս։

― Բարեբախտաբար, ոչ։ Ամսույս վերջին ինձ բարի ճանապարհ մաղթիր։

― Այդ ինչպես կլինի,― արտասանեց Հռիփսիմեն, կմկմալով։

― Այնպես կլինի, որ կնստեմ կառք, կգնամ և ամեն ամառ կգամ մորս տեսնելու, ինչպես ուրիշներն են անում։

― Ուրիշները շատ որդիք ունին, ես մեկն ունիմ։

― Մեր հարևան այն աղքատ կինը քանի՞ս ունի․ չէ՞ որ մեկը, ինչո՞ւ է թողնում նրան գնալու։ Քեզ նման շատերը կան, մայր, հավատացիր։