Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ ժողովում էին կաղամբ, գետնախնձոր, եգիպտացորեն, որ մեծ մասամբ երկաթուղու գծի մոտ էին ցանված։ Տեղ-տեղ, խոշոր տերևների միջից, ժպտում էին հասուն դդումներ, իսկ արևածաղկի դեղին աչքերն ապուշ-ապուշ նայում էին մայր մտնող արեգակին, ծծելով նրա վերջին ճառագայթները։

Աշխատանքը եռում էր, բայց կյանքը մեռած էր։ Մարդկանց հոգնած դեմքից չէր նկատվում զվարթություն, այն, ինչ որ բանաստեղծի երևակայությունն է հորինում գյուղական կյանքի համար։ Չէր երևում, որ այստեղ մարդիկ պարում են ու երգում և իրենց կայտառ քրքիջը միացնում բնության երգեհոնին, այնպես, ինչպես ես տեսա Բելգիայի սքանչելի մարգերում։ Մռայլ դեմքերի և կորացած մեջքերի վրա զգացվում էր քաղաքական հեղձուցիչ մթնոլորտի ճնշումը։ Արդեն Վարշավայում պայթող ռումբերի թնդյունը արձագանք էր գտել Լեհաստանի գյուղերում։ Արդեն իր գոռոզությամբ և պատմական կամակորությամբ նշանավոր ժողովուրդն արթնացել էր հարյուր տարվա թունավոր նիրհից և ականջ էր դնում դեպի հյուսիս։ Նա բռունցքները սեղմում էր կատաղի, ատամները կրճտում էր բորբոքված և մռնչում վանդակի մեջ փակված վագրի պես։ Բայց… տակավին անզոր…

Սիրուն է Լեհաստանն իր երկրի մակերևույթից հազիվհազ բարձրացող բթածայր բլուրներով, խիտ անտառներով, ոչ խոր ձորերով, պարզ գետակներով և ոչ պարզ երկնքով։ Այնտեղ երկիրն այնքան դաժան և մերկ չէ, որքան բուն Ռուսիայում, այդ անվերջ անապատներում։ Այնտեղ գյուղացու տնակը ռուս մուժիկի խրճիթից տարբերվում է, որովհետև տնակ է իր եվրոպական ձևով և եվրոպական մաքրությամբ։ Զգում ես, որ երկիրը բռնած է մի ընդունակ ազգ, որի հարուստ պատմությունը միայն արյունոտ էջերից չի կազմված, և որի զավակների միակ պարծանքը անցյալի ու ներկայի կրած բռնությունը չէ…

Հրեան հայացքը հեռացրեց պատուհանից։ Ես ևս։ Նա նայեց աղջկաս մեղմ հայացքով, որքան թույլ էր տալիս դեմքը և ասաց.

- Աա՜, մադմուազել, էլի դու ականջիս ես նայում: Օօ՜,