կենում էր երկուսի փոխարեն չորս սենյակում։ Չէի խմում, չէի շռայլում, կանանց վրա աչք չունեի։ Բայց զավակներիս ուսման համար ոչինչ չէի խնայում։ Այժմ մեծ որդիս համալսարանում է։
Սկսեցի, հակառակ հարևանիս սովորության, ապառիկ ապրանք բաց թողնել։ Բայց, իհարկե, գիտեի ում։ Դրա համար ունեի առանձին ցուցակ, որից դուրս ամենքին մերժում էի։ Դա եղավ մրցման առաջին միջոցը Ագրինցևի դեմ։ Ինքս ոտքի վրա մնալու համար պատրաստ էի նրան գլորել գետին։ Երկուսս միասին միևնույն շրջանում, միևնույն փողոցում, միևնույն առուտուրը չէինք կարող վարել։
Կար և մի ուրիշ միջոց․ քաղաքավարություն գնողների հետ։ Վա՜յ այն վաճառականին, որ չգիտե ժամանակին ժպտալ, ժամանակին տխրել, ժամանակին ձևանալ բթամիտ, նայելով իր գնողի տրամադրությանը։ Եթե գնոդդ ցորենի առևտրական է, ասա՛, որ Մովսիսի ստացած պատգամների մեջ այդ առուտուրն էլ կա. եթե պետական պաշտոնյա է, առանց նրան երկրագունդը կդադարի պտտվել արեգակի շուրջը, եթե ոստիկանապետ է, թող կորչեն բոլոր հեղափոխականները, որ կործանեցին առուտուրը, իսկ եթե զինվորական է, թող տարտարոսը գլորվի նենգամիտ Անգլիան, որ միշտ դավեր է լարում «մեր հայրենիքի» դեմ և այլն, և այլն։ Եվ ես այսպես էի անում։
Մյուս կողմից, ո՛չ մի կոպտություն ինձ չէր շփոթեցնում կամ վիրավորում։ Տեսնում ես, որ գնողը, հետդ խոսելիս, երեսիդ էլ չի նայում, խոսում է եզակի դեմքով, ինչպես սպասավորի հետ։ Գրո՜ղը տանի, ով գիտե, ինչ-որ նախկին սպա է և կամ պաշտոնաթող և գողության մեջ բռնված ինտենդանտ, կամ սրա պես մի խրտվիլակ։ Գոհություն աստծու, այսպիսիների թիվը մեծ է սքանչելի Ռուսիայում։ Ես մտածում էի՝ թող գոռոզանա, փքվի, մի օր կտրաքվի։ Ես կշոյեմ առայժմ նրան, միայն թե ինձանից մի բան գնե։ Եվ «ձերդ պայծառափայլություն, ձերդ գերազանցություն, ազնվություն» և այլն, ինձ համար այնքան սովորական էին, որքան այս զինվորի բերանում՝ «Լսում եմ»։ Սակայն չնայելով այս բոլորին, երբեմն լսում էի այնպիսի վիրավորիչ խոսքեր, որոնք արյունս էին բորբոքում։ Օօ՜, քանի՜-քանի