Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես մի ռուս ընկեր ունեմ, նրա մայրն հինգ որդի ունի, հինգն էլ նրանից հեռու են ապրում, նա կին չէ՞ քեզ պես․․․

― Ես չեմ կարող․․․ չեմ կարող․․․― կրկնեց մի քանի անգամ Հռիփսիմեն փղձկալով։

Սմբատի պարզ-մեխակագույն աչքերը փայլեցին տհաճությամբ։ Նա մի ծխախոտ վառեց, որ յուր՝ մի վայրկյանում լարված ջղերը փոքր-ինչ թմրեցնի։ Այդ մի սովորական միջոց էր, որին դիմում էր բարկության րոպեներին։ Նա թուլացած նստեց աթոռի վրա․ նա տեսնում էր, որ դժվար է ազատվել կապանքից, որ ծերունի կինն առանց իրեն անկարող է շարունակել իր գոյությունը․․․ այնքան հոգով ու սրտով ձուլվել է նա յուր զավակի հետ։

― Լավ,― ասաց նա,― եթե անպատճառ ուզում ես ոտներս ու ձեռներս շղթայած ունենալ, արի, քեզ ալ տանեմ հետս, ուր որ գնում եմ։ Միայն թե մի ոչնչացնիր իմ ապագան։

Հռիփսիմեն ոչինչ չպատասխանեց․ նա լալիս էր արտասանելով յուր հանգուցյալ որդիներից մերթ մեկի, մերթ մյուսի անունը։ Սմբատը չկարողացավ երկար կրել այդ դառն տեսարանի ծանրությունը, թողեց և հեռացավ մյուս սենյակ։

Այնուհետև նա մի քանի օր աշխատում էր համոզել մորը, թե յուր գնալը անհրաժեշտ է, թե Թիֆլիսի կյանքը և անգործությունը նրան ձանձրացրել են, թե նա մտավորապես բթանում է, բարոյապես աղավաղում, միշտ միատեսակ կյանք վարելով․ թե վերջապես, անգործությունը պատիվ չի բերում տղամարդին։ Նա օրինակ էր բերում յուր նախկին ընկերներին, համեմատում էր իրեն նրանց հետ և ամաչում այդ համեմատությունից։ Ամեն մեկը մի անհատ է, մի ազատ մարդ յուր ուժով, կամքով, խելքով, յուր սեփական ձգտումներով։ Իսկ ի՞նչ է ինքը․ համարյա թե ոչինչ․ փողով ապրող, փայփայված մի երեխա, որին եթե վաղն ազատություն տաս իր ոտքով շրջելու, ով գիտե, չկարողանա շրջել։ Ո՛չ, այսպես չի կարելի, նա արդեն ծիծաղելի է դարձել յուր ընկերների աչքում, նրանք ծաղրում են նրան, արժանի չեն համարում մի լուրջ բանի վրա հետը խոսելու։ Իսկ ով անկեղծ է, խորհուրդ է տալիս ուսումը շարունակելու։

― Խնդրում եմ, մայրիկ, արգելք մի՛ լինիր ինձ, մի՛ կապիր ճանապարհս․․․

Բայց բոլոր այս պատճառաբանություններն ակներև ապարդյուն էին անցնում։ Ճշմարիտ է, Հռիփսիմեն լսում էր որդու ասածները խորին ուշադրությամբ, չէր հակառակում, համաձայնվում էր, բայց, միևնույն ժամանակ, միշտ կրկնում էր․