Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկյուղալի է։ Այնպես չէ՞, Ֆեյլդման, հայերը մեր բարեկամներն են, մենք պատմական եղբայրներ ենք։ Ագրինցև,– գոչեց նա, նորից տաքանալով,— հիշում եմ այսօրվա պես այն վիրավորանքը, որ դու ինձ հասցրիր: Պարոն, լսա՞ծ եք Ուռուսով իշխանների մասին։ Նշանավոր մարդիկ են։ Մի օր նրանցից մեկին ծախեցի մի օձիք և մի զույգ թևեր՝ հազար երկու հարյուր ոուբլով: Նա Ագրինցևի կթան կովն էր, իմ ձեռքն ընկավ, որովհետև Ագրինցևը չէր կարողացել լավ շոյել նորին իշխանության սիրտը։ Բայց օհ, այդ հազար երկու հարյուր ռուբլին ինձ որքա՜ն տանջանքներ տվեց։ Պատմեմ, տեսեք։ Հենց նույն օրերը ես ընտրվել էի տեղական ժողովարանի անդամ։ Երեկո էր. ես կնոջս և մի երկու ծանոթներիս հետ ընթրում էի սեղանատանը։ Մեզանից ոչ հեռու, մի ուրիշ սեղանի մոտ նստած էր Ագրինցևն իր ծանոթների հետ։ Նա հարբած էր և բարձր ձայնով պարսավում էր հրեաներին. այսպես են, այնպես են։ Սովորական զրպարտություննե՛ր։ Մեր սեղանի մոտ կար մի տաքարյուն փաստաբան։ Չհամբերեց մարդը, բողոքեց։ Եվ նրա և Ագրինցևի մեջ վեճ բացվեց։

— Քեզ ով է խոսեցնում, որ մեջ ես ընկնում,— գոռաց Ագրինցևը։

— Դուք, պարոն,– ասաց սեղանակիցս,— ի՞նչ իրավունքով եք զրպարտում մեզ։

— Լռի՛ր, քոսոտ ջհուդ, լռի՛ր։

Մենք վրդովվեցինք։ Ագրինցևը դարձավ ինձ.

— Աա՜, Այզելմա՛ն, դու էլ այստե՞ղ ես։ Ժողովարանի անդամ ես ընտրվել։ Շնորհավորում եմ։ Բայց հեռո՛ւ, հեռո՜ւ նստիր մեզանից, հոտ է փչում։

— Հետաքրքրական է իմանալ,— ավելացրեց Ագրինցևի ընկերներից մեկը, որ նույնպես հարբած էր,— հրեուհիները երբևէ մաքրո՞ւմ են իրենց եղունգները։

Կինս գունատվեց։ Նա կուշաթափվեր, եթե ես նրան ժամանակին չտանեի դահլիճ։ Երբ մենակ վերադարձա սեղանատուն, տեսա, որ վեճը սուր կերպարանք է ստացել։ Ագրինցևը ոտքի էր կանգնել շիշը ձեռքին և սպասում էր հարձակվել սեղանակիցներիս վրա։ Ես միջամտեցի։ Եվ ահա՛ այդ միջոցին պարոն Ագրինցևն ինձ ապտակեց։ Օօ՜, այսօր