էլ երեսս այրվում է այդ հրապարակական վիրավորանքից։ Լսո՞ւմ եք, պարոն, նա ապտակեց ինձ հարյուր մարդկանց և մի այդչափ էլ կանանց ներկայությամբ։
— Եվ դուք չպատասխանեցի՞ք,- հարցրի ես հարևանիս։
— Ա՜խ, պարոն, ինչպե՞ս պատասխանեի,— գոչեց նա, դարձյալ ոտքի ելնելով,— եթե շունը կծում է, մի՞թե այդ նշանակում է, որ մարդն էլ պիտի կծի։ Ես, իհարկե, բողոքեցի հասարակությանը, դիմեցի դատարանին։ Փաստաբանը լրագիրներում տպեց նամակ։ Եվ վերջ ի վերջո ես ինքս ստիպվեցի վերջ տալ վեճին, վախենալով հետևանքներից:
Հրեան մի քանի վայրկյան լռեց՝ իր հուզմունքը զսպելու համար, ապա շարունակեց.
— Ագրինցևը քանի գնում, այնքան ավելի կատաղում էր։ Արդեն ես քշում էի նրան ասպարեզից։ Օ՜օ, Շմուլ Մոզեր, Շմուլ Մոզեր, դու այժմ սնանկ ես, անցյալ պասկեքին կոպեկ չունեիր, որ մորդ համար «մացա» գնեիր։ Բայց համոզված եմ, որ մի օր դու կդառնաս Մորգան կամ Շվաբ և ամբողջ հարավային Ռուսիայի առուտուրը ձեռքումդ կունենաս։ Օ՜օ, Շմուլ Մոզեր, Շմուլ Մոզեր, դու վաճառականության Սողոմոնն ես։ Դու էիր, որ շարունակ հորդորում էիր ինձ ընդարձակել մեր գործերը։ «Տես, ասում էիր, ես այդ անիծյալ քրիստոնյային պիտի մերկացնեմ և փողոցները ձգեմ։ Նա անարգում է իմ ազգը, ընտանիքը, հավատը, իմ բոլոր սրբությունները։ Ես նրան պիտի կործանեմ»։
Եվ կործանում էինք, պարոն, կործանում էինք այդ Սերգեյ Պախոմովիչ Ագրինցևին։ Օ՜օ, այնպես արագ, որ ես ինքս էլ զարմանում էի։ Նա ատամները կրճտում էր և երկար փառահեղ միրուքը փետում։ Մենք նրան հարկադրել էինք արդեն ապրանքը ապառիկ բաց թողնել։ Բայց ամեն մարդու բան չէ, պարոն, ապառիկ ծախելը։ Ողորմելին չգիտեր, որ շատ անգամ գոռոզ արտաքինի և շքեղ հագուստի տակ թաքնված է ինքը չքավորությանը։ Եվ տալիս էր այդպիսիներին ու կորցնում էր անիրավը…
Այնուհետև մենք նրան ստիպեցինք ապրանքի գինը իջեցնել 20 տոկոսով։ Այս էլ մի մեծ հարված էր նրա համար, որովհետև մենք գիտեինք ապրանքն ավելի էժան գնել և