ավելի էժան տեղափոխել։ Մի խոսքով, առաջին անգամ նա կորցրեց տասնհինգ հազար և այնուհետև սկսեց խելքն էլ կորցնել։ Իսկ ծախսերը չէր պակսեցնում։ Եվ ինչպե՜ս էր ծախսում, աստված իմ։ Սեփական կառք ուներ, Մոսկվայից բերել տված, որ սև մարմարիոնի պես էր փայլում արեգակի տակ։ Նժույգներ ուներ, որոնցից ամեն մեկն արժեր հազար հինգ հարյուր ռուբլի։ Եվ խմում էր. սիրում էր ուրիշներին հրավիրել: Մի երեկո կլուբում երաժիշտներին և ծառաներին հարբեցրեց կոնյակով: Իսկ կինը, տեր աստված, կինը մի սաժեն բարձրություն ուներ, մի արշին լայնություն, փոքրիկ նեղ աչքերով, կատարյալ մոնղոլուհի։ Շատ էր սիրում մեծամեծներին։ Ամիսը մի կամ երկու անգամ երեկույթներ էր սարքում։ Ինքը՝ նահանգապետի կինը, չէր մերժում նրա հրավերը։ Դե, իհարկե, այդպիսի մի բարձրաստիճան հյուրին խոմ չէր կարելի տապակած ձկով կամ երշիկով հյուրասիրել։ Շմուլ Մոզերը, ձեռքերը միմյանց քսելով, հրճվանքով կրկնում էր.
— Բարեկամդ անդունդն է գլորվում…
Եվ գլորվում էր։
Նույն ժամանակներն ես օր ու գիշեր հանգիստ չունեի։ Որքան հաջող են գնում հրեայի գործերը, այնքան նա քիչ է քնում։ Զարթնում էի, պարոն, վեց ժամին, յոթին արդեն մագազինումս էի։ Կողպում էինք տասներկու ժամին: Իսկ Ագրինցևը փաշա էր. գալիս էր մագազին տասնմեկից ոչ առաջ և երեկոյան ութ ժամին արդեն թղթախաղի սեղանի մոտ էր։ Սիրուհիներ պահելը վաղուց գիտեինք։ Դեռ մի փոքրիկ սկանդալ էլ պատահեց, որը ծածկելու համար նա կաշառեց ոստիկանապետին։ Գործակատարների հաշիվները չէր քննում։ Եվ գողանում էին անիրավները։
— Ես գնում եմ, Այզելման,— ընդհատեց հարևանիս խոսքը Ֆեյլդմանը, երբ կառախումբը կանգ առավ: Ծերուկը բեռնավորվեց իր բազմաթիվ կապոցներով և մեզ գլուխ տալով չքացավ։
— Այժմ,— շարունակեց հարևանս,— ես մոտենում եմ պատմությանս կորիզին։ Լավ լսեցեք, պարոն, տեսեք ձեր քրիստոնյաներն ինչպես են վրեժ առնում մեզնից։ Ագրինցևն այժմ հարբում էր շուտ-շուտ։ Ոչինչ, այդ սովորական