Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոջալուի կրակակետերի լռեցումից հետո նորից հնարավոր դարձավ ինքնաթիռների՝ Ստեփանակերտում իջնելը, սակայն շարունակական վտանգը կար, որ Աղդամից օդում կխփեն, ուստի օդաչուները, ավիացիայի բոլոր կանոններին հակառակ՝ օդում կտրուկ մի շրջադարձով, որից օդանավի ներսում ամեն ինչ այնպես էր իրար խառնվում, ինչպես ավտոբուսի ուժեղ արգելակումից հետո, միանգամից փոխում էին ուղղությունը՝ դուրս թռչելով հնարավոր հարվածի ընդգրկման շառավղից։

Նման առաջին իսկ թռիչքներից մեկով նաև ես եմ գնացել և էլի շնորհիվ Վազգենի։ «Էրեբունի» օդանավակայանում լարված ու դժվարին այդ օրերին նա անձամբ հրահանգեց և անունս մտցրեց նրանց ցանկում, ովքեր առանց որևէ լրացուցիչ գրության «Յակ»-երով կարող էին գնալ Ստեփանակերտ։ Թռիչքուղում երբ շնորհակալություն հայտնեցի և գնացի բառի բուն իմաստով բարձվող ինքնաթիռը, ետևիցս դարձյալ նույն հուզումնախառն կատակով, հիմա էլ ասաց. «Զգույշ կլինես, ինքնաթիռը քեզ համար ուղղաթիռ չի»։

Ընդհանրապես զարմանահրաշ, ֆենոմենալ երևույթ է այն իրողությունը, որ ստանալով մարզաշխարհի հետ կապվող կրթություն, իր ներքին էությամբ լինելով ստեղծագործող՝ պատմության մեջ նա մնաց որպես Սպարապետ Հայոց։

1988-ից մաս կազմելով Հայոց համազգային շարժմանը, ընտրվելով ՀՀՇ առաջին և երկրորդ համագումարների պատգամավոր՝ 1991 թ. վերջից բառի բուն իմաստով զինվորագրվեցի Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։

Այս հոդվածները գրելու տարիներին, այսպիսով, ես եղել եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում։ Գրել և ապրել եմ դաշնակցական այն նվիրումով ու ոգով, որի ավանդական ընկալումն ուներ մեր սերունդը իմ համալսարանական ուսումնառության տարիներին, որը մի նոր հմայք ստացավ «Դեպի Երկիր» կարգախոսի արցախյան վերարձագանքմամբ, որի ճանապարհի առաջին նահատակներից դարձան համալսարանական մեր ընկերներ Թաթուլ Կրպեյանը և Վարդան Բախշյանը։