դեռևս ծխամ էին կռիվների ժամանակ այրված մի ուրիշ տան ավերակները։ Բնորոշ մի պատկեր է սա Հյուսիսային Արցախի համար. մահվան մոխիրների միջից էլ ծխացնել կյանքի ու կենդանության կրակը։
Բուզլուխում էլ հայերի ունեցվածքը «սեփականացնելուց» բացի հասցրել էին և անվանումները ազգայնացնել՝ տեղի կոլտնտեսությունը կոչելով Բախտիար Վահապ Ջադեի անունով, բայց, բարեբախտաբար, այս «գործընթացն» էլ էր կիսատ մնացել, և դարձյալ հայ խոսքն է հնչում գյուղում։ Այստեղ վիճակը համեմատաբար բարվոք է, քանի որ տները և դաշտերը դիմացի դիրքերից ուղիղ նշանառությամբ հնարավոր չէ գնդակոծել։ Ահա ինչու արդեն ետ է վերադարձել բնակչության կեսը, և մինչև ուշ երեկո դաշտերում չի դադարում լարված աշխատանքը։ Նրանց օգնության են գալիս հարևան գյուղերից՝ օգնելով հավաքել կարտոֆիլի ողջ բերքը, որը շրջափակման և կռիվների պատճառով դարձել է համարյա միակ սննդամթերքը՝ անգամ հացին փոխարինելով։
Սահմանային հաջորդ գյուղը Կարաչինարն է։ Այն ևս գրոհով գրավել չկարողանալով՝ փորձում են ավերել ռմբակոծությամբ։ Կարաչինարի բարձրադիր մասի բնակիչները ստիպված քնում են նկուղներում կամ էլ մահճակալները այնպես տեղադրում, որ արկի դիպչելու դեպքում չմնան փլատակների տակ։
Եվ չնայած այս վիճակին, ոչ միայն գյուղացիները դուրս չեն եկել, այլև երեխաներին անգամ չեն փոխադրել հարևան համեմատաբար ապահով մի քանի գյուղերը։ Փոքրերի համար այս ամենը մի շքեղ հրավառություն է թվում։ Ծնողներից թաքուն դուրս են գալիս և հիացած նայում սլացող կրակե գնդակներին և կյանքով վճարում այդ հիացքի համար։ Գյուղը, սակայն, չի ընկճվում։ Գյուղը հավաքական մի բռունցք է դարձել, և այդ բռունցքը տունը ամրություն է դարձնում, տան պատուհանը աղյուսով շարում, դիրքի վերածում և շարունակում ապրել։
Օգոստոսյան ծանր օրերին սահմանը դարձել էր Վերիշենը, և սահմանային իր վերքերը գյուղը պահում է մինչև այսօր էլ, չնայած ազատագրվել են ոչ միայն Շամփրապտուկի բարձունքը, այլև երեք