Արցախին վերաբերվող ցանկացած հարց շարունակ հարաբերվում է այս երեք ժամանակահատվածների հետ։ Այնպես որ, ԼՂՀ 20-ամյակ ասելով պետք է հասկանանք 1988-ով սկսված մի ճանապարհ, որի մինչև 1994 թ. մայիս ձգվող առաջին վեց տարիները, լինելով ազատության և տառապանքի ուղիներ, կանխորոշեցին ԼՂՀ հաջորդող տարիների այժմյան ընթացքը։
Ճակատագրի ինքնակամ բերումով այդ վեց տարիները դարձան նաև իմ կյանքի ճանապարհը, որով անցնելով արցախահայաթյանը և Արցախին ապավեն լինելու եկած բազմահազարների հետ՝ ականատեսը դարձա Ստեփանակերտի ու ողջ երկրամասի 1988-89 թթ. ազգային վերազարթոնքից ալիքմանը, 1990-1991 թվականներին Բաքվի սաֆոնովա-պոլյանիչկոյական դրածո ռեժիմի պարետային դրության քողի ներքո իրականացվող հայաթափման ծրագրին, որն ի դերև ելավ արցախյան կամքի շնորհիվ, և ապա սկսված պատերազմին, որի պարտադրած թելադրանքով նախ ծնվեցին կամավորական ջոկատները, և հետո վերջիններիս հիմքի վրա ձևավորվեց հայկական կանոնավոր բանակը։
Գրել ԼՂՀ-ի և զինադադարի 20-ամյակի մասին, նշանակում է գրել այդ ջոկատների ու այդ բանակի մասին։
Գրել քսան տարի առաջ հաստատված զինադադարի մասին, նշանակում է գրել այդ ջոկատների ու հայկական բանակի անցած ճանապարհի մասին, պատերազմական բոլոր տարիների բոլոր ամառների ու բոլոր ձմեռների մասին, բոլոր գետանցումների, լեռնային կածաններով ելնելու և ձորամիջյան ճանապարհներով իջնելու, պայթեցված կամուրջների ու կառուցված պաշտպանական դիրքերի, այդ դիրքերից առաջ գնացող զինվորների ու այդ դիրքերից ետ տարվող զոհվածների ու վիրավորների, նրանց թիկունքային գիծ հասցնող բուժքույրերի ու բուժող բժիշկների, կրակային բաց տարածության ներքո գտնվող ճանապարհներով դիրքերի ռազմատեխնիկական մատակարարումն ապահովող վարորդների, Արցախի լաչինյան շրջափակումը ճեղքող օդաչուների և վերջապես՝