Այսօր, երբ առաջնահերթ խնդիրը Արցախի պաշտպանությունն է, փորձենք մի քանի գյուղերի օրինակով ներկայացնել, թե ինչպիսին է վիճակը և թե այդ վիճակն ինչպես է ազդում ժողովրդի ընդհանուր ոգու, մարտունակության և հայրենիքը պաշտպանելու վճռականության վրա։ Արցախի ամենամեծ և ամուր գյուղերից է Հաթերքը, որն իշխող դիրք ունի ողջ Մարտակերտում։ Մինչև զինվորներին զրահամեքենաների հետ գերի վերցնելը արտաքուստ ոչնչի չմիջամտող, խաղաղ գյուղ էր թվում Հաթերքը։ Նույնիսկ ասում էին, թե գյուղն ապրում է իր պապերի կատարած քաջագործությունների հռչակով, սակայն, երբ սկսվեց տարածվել տեղահանության ալիքը, հաթերքցիները ապացուցեցին, որ մելիքական արյունը չի կորչում և ոչ էլ կորսվում է այդ արյան հիշողությունը, և իրենք իսկապես քնած առյուծ են և արթնացան գյուղը շրջապատած զրահամեքենաների աղմուկից։
Հիմա էլ Հաթերքը կանգնած է խաղաղ և աներեր, լավ հարաբերություններ ունի տեղի ներքին զորքերի հետ, 80%-ով իրեն ապահովում է հացահատիկով։ Եկամտի գլխավոր աղբյուրն անասնապահությունն է, և շուրջօրյա հերթապահություն է սահմանված արոտավայրեր տարվող հոտերի պաշտպանության համար։ Յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում մինչև 1500մ տնամերձ։ Այսօր մոտ երեք հազար հաթերքցիներ ապրում են հայրենի երկրամասից դուրս։ 1989 թ. նրանք դանդաղորեն հետ էին վերադառնում, բայց 1990-ի կեսերից, ինչպես ողջ Արցախում, այստեղ ևս դադարեց այդ շարժումը, և հարյուրից ավելի դատարկ տներ սպասում են իրենց տերերին։ Սակայն մինչ նրանց գալն էլ գյուղը շարունակում է աճել։ Հինգ հարյուր աշակերտ ունեցող դպրոցին և տեղի ուսումնարանին շուտով կհավելվի հարյուր քառասուն տեղանոց մանկապարտեզը։ Որոշված է այն շահագործման հանձնել դեկտեմբերի վերջին, որ այնքան վախ ու բռնություն տեսած երեխաները նոր տարին դիմավորեն այս կառույցում։ Շինարարությունը շարունակվում է անգամ գիշերները։ Տեսնել է պետք, թե պարբերաբար կտրվող էլեկտրականության պայմաններում տրակտորների և բեռնատարների լույսի ներքո ինչպես են տանիքը կապում շինարարները: