Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդեն ձեռք են բերված մահճակալներ ու մնացած կահկարասին, սակայն գլխավոր մտահոգությունը երեխաներին անհրաժեշտ խաղալիքներով և տեսադիտողական նյութերով ապահովելն է։ Ուզում ենք հավատալ, որ կգտնվի որևէ կազմակերպություն, որը միջոցներ կտրամադրի այս ամենը ձեռք բերելու համար։

Պատմական հիշատակներով հարուստ է Քոլատակը։ Գյուղի մի լանջին է գտնվում Սուրբ Հակոբա վանքը, ուր, համաձայն ավանդության, ամփոփված է Մծբնա Սուրբ Հակոբ հայրապետի աջը։ Ըստ միջնադարյան աղբյուրների, նա հռչակված է այլազան ցավեր բուժելու իր զորությամբ, և ամենադժնդակ տարիներին էլ ժողովուրդը չի մոռացել իր սիրելի սրբին, փորձել է նրա միջոցով բուժել իր ցավերը։ Հիմա կիսավեր, եղինջներով ու մացառով պատված մենաստան, չնայած վտանգին, շարունակվում է ուխտավորների հոսքը։ Դիմացի լեռան գագաթին վեր է խոյանում Կաչաղակաբերդը, ուր ներքևից թշնամին չէր կարող մուտք գործել, իսկ վերևից էլ միայն թռչուններն էին իջնում։ Գյուղի դիմացի խիտ անտառով էլ ճանապարհը տանում է երրորդ բարձունքը, որտեղ գտնվում է մեկ այլ մենաստան՝ Կոշիկ անապատը, արցախյան բարբառով՝ Նապաթը։ Մթին անտառում մեկեն բացվում է խաչքարերի մի զարմանահրաշ անտառ։

Պատմությունն է դարձել գյուղի թիկունքը՝ հայկական ճարտարապետության արցախյան ինքնահատուկ այս դրսևորումներով։ Գյուղի դպրոցի տնօրենն ասում էր, թե առանց Կաչաղակաբերդի չեն կարող ապրել, կպել են էս քերծերին ու պոկ չեն գալիս։ Բայց պոկվողներ եղել էին, որոնք ծննդավայրի անցյալը փոխարինել էին Բաքվի նավթով ու մազութով, և գյուղը մինչ Արցախյան շարժումը տարեցտարի նվազում էր։ Եթե 1975 թ. դպրոցն ուներ 280 աշակերտ, ապա 1988 թ. այս թիվն իջավ 64-ի։ Վերջին տարիներին աշակերտների թիվն ավելացել է տասով և հասել ութսունի։ Առաջին և երկրորդ միացյալ դասարաններում սովորում են ութ հոգի, բոլորն էլ աղջիկներ, նրանցից ոչ մեկն «Այբբենարան» չունի, իսկ ուսուցչուհին կավճի փշուրներով գրատախտակին գրում է հայոց գրերը։ Բայց հաճախ աշակերտուհիները դրանք տետրերում ընդօրինակելու