Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղեցիկ մի կառույց է այն, որի մի կողմում բացված խորանում գտնվում է նաև մկրտության ավազանը։

Արտաքուստ ռազմական գործողություններից հեռու խաղաղ մի բնակավայր է շրջկենտրոնը՝ Ներքին Շենը, սակայն այստեղ են խտացված շրջանի բոլոր ցավերը, որոնց ականատեսն ես դառնում շրջգործկոմում, թռիչքադաշտում, փոստում և մյուս տեղերում։

Նաև զարմանալի մի օրինաչափություն է նկատվում, թե՛ այստեղ և թե՛ Արցախի այն գյուղերում, որոնք սահմանամերձ չեն, ավելի անհանգիստ են, քան բուն կրակի գոտում, ուր վտանգն անմիջականորեն ես զգում, իսկ թիկունքում անորոշ է, և շարունակ լուրերի են սպասում։

Վերիշենը շարունակում է բուժել իր վերքերը։ Մարտակերտից շարունակում են վերադառնալ տնային իրերով բեռնված մեքենաները, և էլի մի տան դուռ է բացվում գյուղում։ Բայց օգոստոսյան գնդակների հետքերը դեռ շատ երկար կմնան թե՛ մարդկանց հոգիներում և թե՛ գյուղի շրջակայքում՝ մետաղյա տեղացած կարկուտի ձևով։ Հանկարծ չխկալով անակնկալ կանգ է առնում դաշտում աշնանացան կատարող տրակտորը, և պարզվում է, որ դեմ է առել արկի բեկորի։ Ընդհանուր ողբերգականության մեջ կան նաև զավեշտական տխուր դեպքեր։ Բոլոր բակերում սփռված են գյուղի վրա կրակված գնդացիրների և ավտոմատների փամփուշտները։ Հնդուհավերը շարունակ կուլ են տալիս դրանք։ Տանտիրուհիները հենց նկատում են, որ թռչունները անբնական են պահում իրենց, իսկույն մորթում են։

Վերիշենը, չնայած իր ծանր վիճակին, այսօր թիկունք է Բուզլուխին, Մանաշիդին և Էրքեջին։ Այստեղ են պատսպարվել շատ կարաչինարցիներ, որոնց տներն ավերվել են ռմբակոծությունից։ Այստեղ են պահվում նաև այդ երեք գյուղերի տեխնիկան, և հավատում են, որ մի օր դրանք վերստին վար կանեն հայրենի գյուղի դաշտերում։

Ի տարբերություն աստիճանաբար կենդանացող Բուզլուխի, որն անմիջականորեն կրակի գոտում չէ և ուր արդեն վերադարձել է 25 ընտանիք, Մանաշիդում և Էրքեջում տխուր լռություն է։ Այս