Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղերը հռչակված են իրենց գինիով և օղիով։ Հիմա, սակայն, միրգը ինքն իրեն է խմորվում, և նրան մարդկային ձեռք չի դիպչում, որովհետև գյուղի կեսը Թոդանի կողմից անմիջականորեն գտնվում է ուղիղ նշանառության տակ, իսկ մյուս կեսում մարդիկ հնարավորին չափ հասցրեցին մինչև նոյեմբերի կեսը հավաքել բերքը, որ գոնե մասնակիորեն թեթևացնեն իրենց և իրենց հյուրընկալած տների բնակիչների հոգսերն առաջիկա ձմռանը, թեև, իհարկե, ամիսներով անմշակ մնացած այգիներից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։

Վերիշենի դաշտերի նման Էրքեջի շրջակա անտառները ևս ծածկված են արկերի բեկորներով, չպայթած մի քանի արկեր էլ խրվել են դարավոր հաստաբուն ծառերի մեջ, իրար վրա թափված ճյուղերի և այրված ծառերի պատճառով խառնվել են ճանապարհ ու կածան։ Գյուղն ու անտառը միայն տարածք ու բնական հարստություններ չեն, այլ մեր ժողովրդի պատմությունը, որի հետ կապված ավանդություններին հանդիպում ես յուրաքանչյուր քայլափոխին, և կրկնվող պատմությունում դրանք այնքան համահունչ են դեռևս չլռած ռմբակոծումների արձագանքին։ Էրքեջից Վերիշեն տանող լեռնային կածանի թեք լանջին, որի կողքով հոսում է Հայ Պարիս գյուղը սնուցող ջուրը, կա մի աղբյուր։ Այն կոչվում է Աղջկա աղբյուր։ Դեռևս հնուց աղբյուրի մոտի հողը և ջուրը հռչակված են եղել բուժիչ հատկությամբ։ Դրանք խառնելով իրար՝ քսել են վերքերին, և աստիճանաբար այնքան հող է վերցվել, որ գոյացել է մի ողջ քարանձավ։ 1918 թ., երբ գյուղը վերստին հերոսական կռիվ էր մղում իրեն շրջապատած թշնամիների դեմ, վերջիններս հետապնդում են մի աղջկա։ Նա, չցանկանալով ընկնել հետապնդողների ձեռքը, իրեն ժայռից նետում է ցած և ջախջախվում այս աղբյուրի մոտ։ Այդ տեղում մեկ տարի անց գյուղի տեր Սարգիս քահանան կանգնեցնում է մի տապանաքար՝ այս դեպքը պատկերող եռակամար պատկերաքանդակներով, որի մյուս կողմում էլ գրված է. «Այս է տապան Եպրաքսեայ կույսին»։ Ժողովուրդը սրբացրել է այս վայրը, և մինչև հիմա էլ, հին հավատալիքներից եկող սովորությամբ, շորերի կտորներ են կապվում շրջակա ծառերի ճյուղերից, որ այնտեղ