Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնան իրենց ցավերը։ Նույն սովորությամբ այստեղ այսպես էին վարվել նաև տեղի ինքնապաշտպանության ջոկատի տղաները, բայց, դժբախտաբար, նրանցից մի քանիսը Վերիշենի կռիվերի ժամանակ այստեղ թողեցին ոչ թե իրենց ցավերը, այլ երիտասարդ կյանքերը։

Մանաշիդում էլ գյուղը գրավողները մի առանձին կրքով են վնասել գյուղի եկեղեցին և երբեմնի մեծ գրադարանը՝ ասես մեկ անգամ ևս հիշեցնելով, թե ինչ կարևորություն ունեն հայ գիրն ու եկեղեցին մեր ժողովրդի կյանքում։ Գյուղից փախչելուց առաջ գրքերը դուրս են թափել։ Ցեխերի միջից հավաքելով՝ հիմա դրանք նորից իրենց տեղերում են շարված։ Գրքերին փակցված գրադարանային թերթիկների վրա վերջին նշումներն արվել են այս տարվա հունիսի վերջին։ Դրանից հետո էլ նշումներ չկան, կան միայն չգրված, պատառոտված և կիսաայրված թերթեր։

Գյուղերի ներկա վիճակը երկար կարելի է նկարագրել։ Սակայն այսօր կարևորն ու առաջնահերթը առաջիկա ձմռան մասին մտածելն է։ Եթե մեր մտահոգությունը ձմեռը չջեռուցվող բնակարաններում դիմավորելն է, ապա Շահումյանում, Կարաչինարում, Գաղթութում և Մանասաշենում շատերն այն անց են կացնելու նկուղներում, իսկ Բուզլուխում հանված լուսամուտների տեղը ստիպված տախտակ են խփում։ Ինքնապաշտպանությանը համազոր, երբեմն առավել դժվար կռիվ է ամենօրյա կենսապահովումը, բայց մարդիկ էլի ինչ-որ ելքեր են ման գալիս։ Անջատված էլեկտրականության փոխարեն, արհամարհելով վտանգը, էլեկտրական գիծ են անցկացնում Մարտակերտից, արդեն բերվել են հենասյուները, և գյուղեգյուղ ժողովուրդը աշխատելու է այստեղ։ Պատրաստվում է այն նախագիծը, որով վերստին աշխատելու է տարիներ առաջ լքված Վերիշենի էլեկտրակայանը։

Այնուամենայնիվ, վերստին չեմ կարող չնշել միանգամայն լուծելի շատ հարցերում մեր համապատասխան նախարարությունների պարզապես անտարբեր վերաբերմունքը։ Օրինակ՝ թե՛ այստեղ և թե՛ ընդհանրապես Արցախում շարունակ հարցնում են, թե ինչո՞ւ Հայաստանից չեն ստացվում ազգային կինոնկարներ։