Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսական ցանկացած լուծում ու միջազգայնորեն ընդունելի յուրաքանչյուր տարբերակ գործնականում կա՛մ անկիրառելի է, կա՛մ էլ գործում է հօգուտ Ադրբեջանի։

Խոստովանենք, որ Շարժման ողջ ընթացքում Հայաստանը երբեք չունեցավ ազգային պետական ծրագիր Արցախի հարցում, իսկ Ադրբեջանը հետևողականորեն իրագործում է իր ծրագիրը։ Արցախի հանդեպ մեր պահվածքը կարելի է բնորոշել իբրև կենսաբանական հակազդեցության քաղաքականություն։ Ինչպես օրգանիզմի որևէ կետին երբ հարվածում են, մարմինը տարերայնորեն կծկվում է, այդպես էլ երբ խփում էին մի գյուղի, մենք լոկ արձագանքում էինք համապատասխան այդ հարվածին՝ առանց դեպքերի զարգացման ընթացքը հասկանալու ունակության։ Չկար տեղային աշխարհաքաղաքականությունից բխող ստրատեգիական և տնտեսական ամրացման ծրագիր, իսկ Ադրբեջանը հրաշալիորեն գիտի թե՛ Արցախը Հայաստանին կապող և թե՛ երկրամասի ներքին ամրությունը պայմանավորող կետերի կարևորությունը և ուժերը կենտրոնացնում է միայն դրանց խփելու համար։ Նա անգամ ուժ չի ծախսում այդ կետերից դուրս որևէ գյուղ հայաթափելու վրա։

Մայիսին, օգտվելով Կենտրոնի հետ Հայաստանի առճակատման անմիտ քաղաքականությունից, իր հավատարմության համար որպես վարձ Ադրբեջանը բանակի միջոցով գրավեց Արցախը Հայաստանին կապող պորտալարը՝ Բերդաձորը, և Հադրութի շրջանի հենց այն գյուղերը, որոնք գտնվում էին Գորիսի դիմաց՝ մարզը առավել կտրելով Հայաստանից։

Ժամանակին նույն սկզբունքով Բաղիրովն էր ցանկանում Ստալինի համաձայնությամբ բռնագաղթեցնել Արցախի հայությանը։ Երբ այդ ծրագիրը չի հաջողվում, որպես կտակ իր հաջորդներին՝ նա պատգամում է, որ Արցախին տիրելու համար հարկավոր է տիրել չորս գյուղի՝ Չարդախլուին, Գետաշենին, Վերիշենին և Հաթերքին։ Չարդախլուն գնաց 1988-ին, գարնանը Գետաշենն էլ հասցրեցին վերացնել, իսկ օգոստոսյան խռովության օրերին պատահական չէ, որ դրությունը շիկացավ հենց Վերիշենի մատույցներում և