Երասխավանի մարտն այսօրվա Հայաստանի մանրակերտն էր։ Այն խորհրդանշեց, թե ավարտվում է Արցախյան շարժման քաղաքական փուլը, և սկսվում ազգային ինքնապաշտպանության շրջանը։ Հարատև Կռվի շրջանը, որն իրենում ներառելու է մեր ժողովրդի զինական, մտավոր, բարոյական ու տնտեսական ողջ կարողունակությունը, և այդ կռվի խորհրդանիշը դարձավ Երասխավանում ընկած Մովսես Գորգիսյանը։
Մովսեսի համար անկախությանը քաղաքական ծրագիր լինելուց առավել հոգևոր լինելություն էր, ազգային ապրեցնող գաղափար։ Երկյուղածության ուներ Անկախություն բառի հանդեպ։ Շատերս այն ժամանակ չէինք հավատում կամ վախենում էինք անգամ այն մտքից, թե մեր հայրենիքը կարող է մի օր անկախ լինել։ Ինքը հավատաց ու չվախեցավ ու դրա համար էլ վճարեց իր կյանքով։
Անհունորեն հավատում էր խոսքի ուժին և անգամ ինքնահրատ մամուլով ձգտում էր ազդել ժողովրդի գիտակցության վրա։ Մահվանից ոչ շատ առաջ էր, երբ թերթերի ու ամսագրերի տպարանում տեսնելով տպագրական մեքենաների հզորությունն ու դրանք համեմատելով ինքնահրատի հետ, հիացած բացականչեց. «Տվե՛ք ինձ տպագրական մի մեքենա, և ես ձեզ կտամ Անկախ Հայաստան»։ Այն ժամանակ դեռևս չէր վարկաբեկվել խոսքը, դեռ վառ էին ազգային գաղափարները, մամուլը հանուն ժողովրդավարության դեռ կուսակցական տրոհումների չէր ենթարկվել, ու ինքը հավատում էր, թե ճշմարիտ մամուլն իր բերած խոսքով կարող է դառնալ բազմացվող հաց ու մանանա անապատից դեռևս անկախության ափը չհասած ժողովրդի համար։
Ինչպես Մովսես նահապետը չհասցրեց անցնել վերջին այն լեռնաշղթան, որից այն կողմ վերջանում էր անապատը և սկսվում