Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավետյաց երկիրը, այնպես էլ ինքը չհասցրեց տեսնել իր երազած Հայաստանը։

Ու միայն Մովսեսը չէր։

Երասխավանը արձագանքվելու էր մեր հայրենիքի սահմանների ողջ երկայնքով՝ առավել դաժանորեն հնչելով Արցախում, և Ծիծեռնակաբերդի բարձունքի դիմաց վեր էր հառնելու Եռաբլուրի բարձունքը և դանդաղորեն ընդարձակվելու ցավից տնքացող հողում, որն իրենում էր առնում բերվող տղաներին։ Այն տղաներին, ովքեր զենքով պաշտպանեցին մեր իրավունքը և իրենց արյամբ վճարեցին շարժման սխալների համար։ Եթե տպագրական սխալներն ուղղվում են թանաքով, ապա մեր քաղաքական սխալները սրբագրվեցին այս տղաների արյամբ։ Չլինեին այդ սխալները, այսօր անհամեմատ փոքր կլիներ Եռաբլրի այդ հատվածը, ու փոխարենը կլինեին այդ տղաները՝ մեր ժողովրդի ազգային արժանապատվության ու բարոյականության սերուցքը։

Զարմանալի տղաներ էին նրանք, բայց առավել զարմանալին նրանց ծնունդն էր առօրյա նյութականությունից լլկվող այս կյանքում։

Խաչիկ Դաշտենցը անցյալ դարի ֆիդայական շարժման հերոսների մասին ասում է, թե նրանք «իրենց սրտի մեջ «չաթալ օսկոր» և «չորս պլոճիկ» ունեցող» սերունդ էին, և թե՝ «Այդպիսի սերունդ եղավ, այդպիսի սերունդ դժվար թե կրկնվի»։

Բայց երբ ազգը համախումբ մի կամք ու մի բռունցք դարձավ և զգացվեց այդ սերնդի կարիքը, ծնվեց այդ սերունդը ու իր մեծ նախորդների ճանապարհով գնաց դեպի Երկիր։

Նրանք հեռու էին քաղաքական վեճերից ու կրքերից, սահմաններում իրենց գործն էին անում, որ այստեղ կյանքը շարունակվեր, ու հիմա էլ հեռու այս աշխարհի աղմուկից՝ հավաքվել են Եռաբլուրում։ Տարբեր կուսակցությունների զինվորագրվելով նրանք մեկնեցին Երկիր՝ մնալով միշտ զինվորները մեկ գաղափարի՝ Հայ երկրի ինքնապաշտպանության գործի։

Ամեն անգամ Արցախից վերադառնալիս, ինչպես ներքին մի վախով ուղղաթիռից նայում ես ներքևում տարածվող երկրամասին,