Գործի ավարտից հետո աշխատողներին ջոկատների մարտիկներն իրենց գյուղերն են հասցնում և ապա առավոտյան դարձյալ բերում։ Երբ շրջափակմանը գումարվում են ռազմական գործողությունները, կյանքը վերածվում է հավաքական մի հոգսի, իսկ աշխատելն էլ հավասարազոր է մարտական առաջադրանք կատարելուն։
Եթե երկու-երեք տարի է շրջափակման պատճառով չկա համակցված կեր, ապա այժմ էլ, երբ ողջ սահմանի երկայնքով դաշտերը կրակի տակ են, չի բավականացնում անգամ սովորական անասնակերը։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր հնձվոր մինչ հնձի գնալը գերանդու սրությունից առաջ նախ իր զենքն է ստուգում։
Միևնույն հոգսերով է ապրում և Մարտունու շրջանը։ Այն կարելի է անվանել Արցախի հացահատիկի շտեմարանը, ուր գլխավոր խնդիրը ամբարված ցորենը պահելն է ու հնարավորության դեպքում աղալն ու Ստեփանակերտ հասցնելը։ Այստեղ վերստին ծառանում է հեղուկ վառելիքի խնդիրը, նախ՝ ալյուրը քաղաք փոխադրելու համար և ապա՝ ցորենը աղալու, որովհետև էլեկտրաղացները գործում են դիզելային շարժիչներով. մեկ տոննա հացահատիկ աղալու համար հարկավոր է 80 լիտր վառելիք, որն այսօր ձեռք բերելը գործնականում գրեթե անհնար է։ Մարդիկ ցավով են նայում, թե շարքից դուրս եկած երբեմնի տեղական էլեկտրաղացների կողքով ինչպես են հոսում անցնում լեռնային գետերը, որոնց ափին լուռ կանգնած են վաղուց ավերված ջրաղացները։ Դրանց անհրաժեշտությանը վաղուց էր զգացվում, սակայն ներքին մտավախության կար, թե արդյոք վա՞ղն էլ են ապրելու այս հողում։ Թշնամու հետ շպրտվող գրոհները ցրեցին այդ մտավախությունը, և այսօր Սոս գյուղի օրինակով կարգի են բերում և մյուս գյուղերի լքված ջրաղացները։
Փետրվարյան տեղացող ձյան միջից էլ այսօր ուրվագծվում է գարունը։ Կիլոմետրեր կտրելով՝ մարդիկ ոտքով գնում են դաշտերը՝ ավարտելու գարնանացանի նախապատրաստական աշխատանքները, ուժեղացնում հերթապահությանը դիրքերում, որ անակնկալ հարձակման չենթարկվեն դաշտերում աշխատողները,