Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արցախն այսօր դիմանում է այդպիսի կարգապահության շնորհիվ, և այդ կարգապահությամբ էլ պայմանավորված է իր ստորաբաժանումներն ունեցող բանակի ծնունդը։ Հնարավոր խախտումներն ու անօրինականությունները կանխելու նպատակով ստեղծվել է պաշտպանության ուժերին կից զինվորական ավտոտեսչություն։ Չնայած նյութատեխնիկական աղքատիկ միջոցներին՝ նորաստեղծ հանրապետության համարանիշներ են տրվում մեքենաներին։

Զինվորներից հետո Արցախը բոլորից շատ զգում է բժիշկների կարիք, և պատահական չէ, որ դեռևս կանգուն պետական հաստատությունների շենքերը կա՛մ զորանոցներ են, կա՛մ էլ հիվանդանոցներ, իսկ վերջիններս էլ հիմնականում վիրահատարաններ են, ուր բերում են արկի բեկորներից կամ էլ գնդակներից վիրավորներին՝ լինեն տնքացող զինվորներ թե ցավից ու սարսափից անզոր կուչ եկած երեխաներ։ Նման վիրահատարանի է վերածվել անգամ կուսակցության մարզային կոմիտեի նախկին շենքը։ Այն դռների մոտ, ուր նախկինում վախով կանգնում էին որևէ հրահանգչի կամ ավելի «վերևների» հետ հանդիպման սպասողները, հիմա առավոտից մինչև գիշեր խռնված են վիրավորների հարազատները։ Նախկին կառավարական մեքենաներին փոխարինել են վիրավորներին տեղ հասցնող մարտական վիլիսներն ու շտապօգնության մեքենաները։ Նախկին փայլեցված հատակն էլ այժմ ծածկված է արյան բծերով, ու միջանցքը լցված է դեղորայքի խեղդող ու սուր հոտով։

Հրետակոծությունից ավերվել է երկրորդ հարկը։ Միջանցքներում թափված են շուռ եկած անկիզելի պահարանները, իսկ նրանցում պահված որոշումները լցված են տարբեր անկյուններում։ Այս երկրորդ հարկում, ուր տարիներ շարունակ մեր ժողովրդի արցախյան հատվածի ազգային ինքնագիտակցությունը ջնջելու նպատակով բազում որոշումներ են ընդունվել՝ որոշումներ ազգային մտածողության դեմ, Դաշնակցության դեմ, ճակատագրի բերումով այժմ գտնվում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի մամլո և տեղեկատվության գրասենյակը։ Օրվա բոլոր ժամերին Արցախի տարբեր անկյուններից հասնում են լուրեր տեղի ունեցող