կրակակետերը, թե ինչպես ճքճքան սառնամանիքին, երբ ցրտից ոտքերն արյունոտվում էին կոշիկներում, հնարավոր եղավ բահերով փորել ու ամբողջացնել պաշտպանական գիծը ռազմաճակատի աղեղնաձև այս հատվածում, թե այն ժամանակ դեռ սառած էին իր տեսած աղբյուրները, քաղաքից հնարավոր չէր ջուր բերել, ու այս նույն տղաները ջուր խմելու փոխարեն ձյուն էին ուտում, որ այդ պատճառով էլ մինչև հիմա ճաքճքված են նրանց շրթունքները։ Պատմում ես այս ամենը, ու ժապավենի նման աչքիդ առջևից անցնում են արդեն անցած օրերը, այն տղաները, որոնցից շատերը արդեն չկան։ Խոսակիցդ մեկ զարմանում է, մեկ ցավում է, իսկ ճանապարհը տանում է առաջ։
Հասնելով դիրքերին՝ «Ռոյթրի» թղթակիցն անակնկալի եկավ։ Իր տեսած արևմտյան բանակների համաբանությամբ նա երևի կարծում էր, թե կհանդիպի համապատասխան հանդերձանքով ու տեխնիկական հագեցվածությամբ բանակի, բայց դիրքերում տեսավ հնամաշ զինվորական շորերով ու զենքից առավել աննկուն կամք ունեցող, կյանքի պարտադրանքով զենք վերցրած մարդկանց։ Երբ բաժանում էինք Երևանից հասցված ծխախոտը, նրանք չէին հավատում, որ իրենց տրվում է մեկ տուփ՝ այն էլ ֆիլտրով։ Ուղեկիցս կարծում էր, թե այս ամենը բեմադրվում է, որ ինքը խղճահարություն առաջացնող մի նյութ գրի արևմտյան մամուլում, բայց երբ տեսավ, թե ինչպիսի ագահությամբ սկսեցին ծխել և անգամ մարդիկ ուղարկեցին հարևան դիրքերը՝ յուրաքանչյուրի համար մի քանի հատիկ տանելու, իսկապես հուզվեց։
Դրսից եկողի համար այս ամենը իսկապես հուզիչ է, սակայն մենք պետք է ամաչենք, որ մեր պատմական հայրենիքի այս հատվածի ու Հայաստանի Հանրապետության դարպասի պաշտպանները նման վիճակում են, որ ծխախոտն անգամ խնայվում է նրանց,