Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առևտուր չեն անում, անցել են ապրանքափոխանակման, և հացահատիկի հետ հարաբերվող մյուս միավորներն են վառելիքը, յուղն ու շաքարը։ Երբ հասանք այս ճանապարհի մյուս գյուղը՝ Ննգին, նկատելի էր մի համընդհանուր տագնապ։ Առաջին պահին թվաց, թե հերթական հարձակումն է սկսվել շրջանի վրա։ Սակայն պարզվեց, որ այստեղ էլ է արդեն հասել Բալահովտի զինապահեստում տեղի ունեցած պայթյունի լուրը, և իրենց հոգսը թողած՝ արցախցիները ապրում էին Մայր երկրի ցավով։ Երեկոյան մի կերպ հասնում ենք Գիշի։ Գյուղում ևս մեկ տան դուռ է բացվում՝ Ստեփանակերտում ավերվածի փոխարեն։ Հարևանները վառելափայտ են բերում, որ ծխա տարիներով հանգած օջախը։ Տնավորված տանտերը պատմում է իր կյանքը՝ տխուր և բնորոշ մի պատմություն։ Այս տունը կառուցել է իր պապը։ Հայրը փոխադրվել է Ստեփանակերտ, ինքը թողել գնացել է Բաքու, որտեղից տեղահանված եկել է Ստեփանակերտ, ուր ավերվել է հայրական տունը, և հիմա վերադարձել է գյուղ ու չգիտի, թե ինչ է լինելու վաղը։ Իսկ մինչ կպարզվի լինելիքը, ապրել է հարկավոր, և հարևանները խորհուրդ են տալիս, թե անմշակ մնացած որ հողամասը կարելի մշակել ու ինչ ցանել։

Դեպի գյուղերը նկատելի հոսք կա ոչ միայն Ստեփանակերտից, այլև շրջկենտրոններից, ինչի շնորհիվ ավելանում են գյուղի դիրքերում հերթապահողների և դաշտերը մշակողների թիվը։ Հնուց պահեստավորված վառելիքի շնորհիվ շատ տեղերում գարնանային դաշտային աշխատանքները կատարվել են ոչ միայն տնամերձերում, այլև կոլտնտեսային դաշտերում։

Մարտունին բազմաթիվ տխուր ընդհանրություններ ունի Ստեփանակերտի հետ։ Եթե մայրաքաղաքի կյանքը կազմալուծում էր Կրկժանը, ապա այստեղ՝ Խոջավենդը, որը փակել էր նաև շրջկենտրոն տանող ճանապարհը և կրակի տակ էր պահում շրջակա խաղողի այգիներն ու գինու գործարանը։ Ստեփանակերտի մի շարք թաղամասերում շենքերի միջև ընկած բաց տարածությունն անցնելիս եթե նայում ես Շուշիի կողմը, թե արդյոք այնտեղից ծխի քուլաներ չեն երևում՝ ազդարարելով հերթական ալազանի «գալուստը», այստեղ էլ նայում ես Ամիրանլարին։ Երկու տեղերում էլ բնակչաթյունն